Սիրիական ընդդիմությունը Փարիզում մշտական ներկայացուցչություն կունենա
Սիրիական ազգային կոալիցիան, որը ձևավորվել է նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդ ընդդիմադիր խմբավորումների միավորումից, այսուհետ Ֆրանսիայում դիվանագիտական ներկայացուցչություն և դեսպան կունենա։
Ինչպես տեղեկացնում է ռուսական Лента-ն՝ հղում անելով «Ֆրանս պրեսս» գործակալությանը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանուա Օլանդը՝ սիրիական ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մուազի հետ հանդիպումից հետո։
Ֆրանսիան եվրոպական առաջին երկիրն է, որ միացյալ ընդդիմությանը ճանաչել է որպես Սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը։
Կոալիցիան ստեղծվել է նոյեմբերի 11-ին և արդեն աջակցություն է ստացել ԱՄՆ-ի, Թուրքիայի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների կողմից։
Հանդիպումից հետո Օլանդը նշել է, որ սիրիական կոալիցիայի մեջ մտնելու են տարբեր էթնիկ և կրոնական խմբերի ներկայացուցիչներ՝ ներառյալ քրիստոնյաներն ու ալաուիները։
Ավելի վաղ ֆրանսիացի առաջնորդն արդեն հայտարարել էր, որ ազգային կոալիցիան ապագայում պետք է ձևավորի ժողովրդավարական Սիրիայի կառավարությունը և խոստացել էր զինամթերք տրամադրել նոր կառավարությանը։










