Ուրուգվայը պատասխանել է Ադրբեջանի նոտային

20:58 • 17.11.12

Ուրուգվայի արտգործնախարարությունը նոտա է հղել ադրբեջանական ԱԳՆ-ի նոտային իպատասխան, կապված Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի անդամների Լեռնային Ղարաբաղ կատարած այցի հետ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

 

Ուրուգվայի նոտայում Լեռնային Ղարաբաղ երկրի խորհրդարանականների կատարած այցի կապակցությամբ ասվում է, որ Ուրուգվայի միջազգային գործունեությունը հիմնվում է այնպիսի ավանդական սկզբունքների և արժեքների վրա, ինչպիսիք են, հարգանք պետությունների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ներքին գործերին չմիջամտելու և հակամարտությունների խաղաղ կարգավորման հանդեպ:


Միևնույն ժամանակ Ուրուգվայը հիմնվում է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների վրա:


Գործակալության փոխանցմամբ, նոտայում նշվում է, որ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունք է հանդիսանում, որի վրա հիմնվում է Ուրուգվայ պետությունը:


«Այս առումով, Ուրուգվայը խորը և ավանդական կապեր ունի Հայաստանի Հանրապետության հետ և բարեկամական և կառուցողական հարաբերություններ Ադրբեջանի Հանրապետության հետ: Այդ պատճառով Ուրուգվայի կառավարության ամենամեծ ցանկությունն այն է, որ ջանքեր ներդրվեն Ուրուգվայի համար երկու բարեկամական երկրների միջև տարաձայնությունների վերացման համար, երկխոսության, համաձայնության և այլ խաղաղ ճանապարհներով: Որոնցով կպահպանվեն երկու ժողովուրդների համատեղ բնակության և համագործակցության հնարավորությունները: Դա իր հերթին ապագայում ողջ տարածաշրջանի բարգավաճման ու բարեկեցության կհանգեցնի»:


«Ուրուգվայի ոչ մի վարք կամ դիրքորոշում չպետք է դուրս բերվի այդ շրջանակներից: Այն մասին, որ վերոհիշյալը այլ նպատակներ կամ մտադրություններ է ունեցել, խոսք անգամ լինել չի կարող», - ասվում է պատասխան նոտայում: