ԲՀԿ-ին չի հաջողվի համախմբել ընդդիմությանը. ՀՀԿ պատգամավոր
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չի հաջողվի համախմբել ընդդիմությանը, որովհետև դա կնշանակի նախ և առաջ փորձել մենաշնորհել այն գաղափարը, որն առաջ է քաշվել մեկ այլ ուժի կողմից, և այնքան էլ լավ չէ ուրիշների մտքերը որպես սեփական ներկայացնելը:
«Հետո այն, ինչ խորհրդարանական ընտրություններին՝ տեսանք, ցույց տվեց, որ նմանատիպ գործընթացներից միակ շահողը ԲՀԿ-ն էր, և եթե քաղաքական ուժերը դասեր չեն քաղել այդ ամենից, դա իրենց գործն է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նկատի ունենալով այդ ընտրություններին օրինականություն ապահովվելու միասնական շտաբի գործունեությանը:
Հարցին, թե արդյոք ճիշտ է այն վարկածը, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրականում այնքան էլ կոնֆլիկտներ չունեն, և այս հակամարտությունները իշխանության վերարտադրվելուն միտված քայլեր են, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Իրականության մեջ «Հանրապետական» կուսակցնությունը և «Բարգավաճ Հայաստանը» տարբեր քաղաքական ուժեր են, որոնք որոշակի հարցերի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ: Կան նաև հարցեր, որտեղ նրանք համակարծիք են, և կարծում եմ, որ այդ հարցերն առաջնային են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սահմանադրության մեջ ամրագրված հարցերում նույնպես երկու քաղաքական ուժերն էլ համակարծիք են, և իրենց հետ կապված զարգացումները պիտի բերեն հենց դրան: «Այլ խնդիր է, թե ինչ մոտեցումներ ենք մենք որդեգրում և ինչպես ենք ցանկանում դրանց հասնել»,- ասաց նա:
ԲՀԿ-ի քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու առաջարկի մասին պատգամավորն ասաց, որ օրակարգում ոչ թե դրված է քաղաքական կոնսուլտացիաների հարցը, այլ նախագահական ընտրությունները և դրա հետ կապված հարցադրումները:
100%-անոց կառավարման վերաբերյալ էլ Արտակ Դավթյանը համոզմունք հայտնեց, որ արդյունավետ կառավարումն այս կամ այն կառավարման մենաշնորհը չէ:










