Չինաստանի առաջին տիկին կդառնա «Պիոնների փերի» անունով հայտնի երգչուհին (տեսանյութ)

11:52 • 18.11.12

Երգչուհի Պեն Լիյուանը, ով նաև հայտնի է «Պիոնների փերի» անունով,  արդեն երկար տարիներ հայտնվում է չինական հետուստաեթերում ՝ կատարելով հայրենիքն ու բանակը գովերգող ժողովրդական երգեր։ Իսկ այժմ նա պատրաստվում է դառնալ Չինաստանի առաջին տիկինը, գրում է Корреспондент-ը։

 

Վերջին անգամ նա ելույթ է ունեցել հունվարին՝ չինական Նոր Տարվա կապակցությամբ կազմակերպված համերգին, որին ներկա է եղել Չինաստանի Կոմունիստական կուսակցության այն ժամանակվա գլխավոր քարտուղար Խու Ցզինտաոն և երգչուհու ամուսին՝ ներկայի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը։

 

Հարկ է նշել, որ սա առաջին դեպքն է, երբ Չինաստանի կոմկուսի ղեկավարի կնոջն ամբողջ ժողովուրդը դեմքով ճանաչում է, սակայն նախկին գլխավոր քարտուղարների դեպքում պատկերն այլ է եղել՝ առաջին տիկնայք միշտ էլ գտնվել են ետին պլանում։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ արտասահմանում Լիյուանին արդեն համեմատում են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ՝ Կառլա Բրունիի հետ։