Մեկնարկել է Օբամայի շրջագայությունը Հարավարևելյան Ասիա

14:47 • 18.11.12

Կիրակի օրը մեկնարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եռօրյա շրջագայությունը Հարավարևելյան Ասիա, հայտնում է Washington Post-ը: Աղբյուրը նշում է, որ չնայած Ասիայում գտնվելուն, Օբաման իր ուշադրության կենտրոնում է պահելու նաև ՀԱՄԱՍ-Իսրայել հակամարտության սրացումը: Նա կանոնավոր ձևով կապ է պահում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Եգիպտոսի և Թուրքիայի առաջնորդների հետ:


Այսօր ցերեկը Օբաման ժամանել է Բանգկոկ: Կարմիր գորգի երկու կողմերում նրան 40 զինվորականներ են ողջունել՝ պատվո կրակահերթերով: Նախատեսվում է Օբամայի հանդիպումը Թաիլանդի թագավոր Բհումիբոլ Ադուլյադեյի և վարչապետ Շինաուատրայի հետ:
 

Օբամայի գրաֆիկը հագեցած է նաև տեսարժան վայրեր այցելություններով: Մասնավորապես հայտնի է, որ նա և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զբոսնել են Ուաթ Փհոյի թագավորական վանքի Բուդդայի ոսկե արձանի մոտ:
 

Նախատեսված է նաև Օբամայի այցը Մյանմա և Կամբոջա: Ամերիկյան իշխանությունները այս այցերով ոչ միայն փորձում են սերտացնել իրենց հարաբերությունները դաշնակիցների հետ, այլև նոր շուկաներ ապահովել ամերիկյան բիզնեսների համար, հայտնում է աղբյուրը: