Օջալանի կոչով Թուրքիայում ավարտվել է քուրդ բանտարկյալների երկամսյա հացադուլը
Թուրքիայի տասնյակ բանտերում 700 քուրդ բանտարկյալների 2 ամիս շարունակվող հացադուլը դադարեցվել է, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով՝ Բանտարկյալների ընտանիքների ընկերակցության հայտարարությանը:
Քրդստանի աշխատավորական կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանը երեկ երեկոյան հանդես էր եկել հացադուլավորներին ուղղված համապատասխան կոչով:
Ըստ աղբյուրի՝ Օջալանը ասել էր նաև, որ հացադուլներ պետք է անեն ոչ թե բանտարկյալները, այլ «նրանք, ովքեր դրսում են»՝ ազատության մեջ: Օջալանի եղբայրը Մեհմեթ Օջալանն ասել էր, որ ըստ իրենց՝ հացադուլը հասել է իր նպատակին:
Սեպտեմբերի 12-ին քուրդ կալանավորները հացադուլ էին սկսել՝ պահանջելով իրենց ցմահ ազատազրկված առաջնորդի մեկուսացման դադարեցումը. Օջալանին թույլ չէր տրվում հանդիպել իրավաբաններին:
Թուրքիայի բնակչության 1/5-րդը կազմող քրդերը պահանջել էին նաև չսահմանափակել իրենց լեզվի կիրառությունը դատարաններում և կրթական օջախներում:










