«Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել ոչ թե 18, այլ 54 ոչխարի, իսկ ոտքը կոտրած հովվին անգամ չի այցելել հիվանդանոց տեսության
Պարզվում է՝ նոյեմբերի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ճանապարհի 68-րդ կմ-ին` Շիրակավան գյուղի մոտ, «Մերսեդես» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի մասով շարժվող ոչխարի հոտի հովվին և սպանել 54 , այլ ոչ 18 ոչխար, ինչի մասին հաղորդվում էր:
Ոչխարի հոտը պատկանել է Արմավիրի մարզի Վանանդ գյուղի` ազգությամբ եզդի բնակիչ Ասադ Կալոյանին, իսկ ոտքի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված հովիվն էլ՝ Իշխան Մամոյանը՝ նրա համագյուղացին ու հեռավոր ազգականն էր: Այս մասին Tert.am –ին հայտնեց Վանանդի գյուղապետ Ջիվան Մանուկյանը:
«54 հատ հենց թողել է ճանապարհին ու եկել է: Անհնար է՝ էդ մարդը ճամփորդ մարդ, ուրիշի սատկացրած անասունն ինչպե՞ս բերեր, թողել է ճանապարհին եկել ա, հլը ճանապարհին էլ ութ հատ նորից ընկել ա: Էդ կարգի, չհաշված, որ չոբանն էլ՝ Մամոյան Իշխանը հիվանդանոցային է»,-մանրամասնեց Վանանդի գյուղապետը:
Ասադ Կալոյանը Tert.am –ի հետ զրույցում մանրամասնեց, որ «Մերսեդեսի» վարորդը «ահավոր մեծ արագությամբ» է սլացել:
«Ջարդուխորդ էրին լրիվ..բացի էդ էլ մեզի վրա էր քշում, խփում էր, էն մարդը ջանդակների տակ ( հովիվը - Tert.am ), ասում եմ՝ գոնե էս մարդուն փրկե՛ք, այ անխիղճնե՛ր, հլը անասունը հասկցանք: Կարող ա՞ մենք թուրք ենք: Ով գալիս էր, վրա էր տալիս: 200-ի վրա էր գալըմ, ( «Մերսեդեսի» վարորդը - Tert.am), տվեց ապրանքը (ոչխարները -Tert.am) ջարդեց գնաց, «31» -ին խփեց, դեռ քիչ էր մնացել մեզի ուտեր, ասում ա ՝ մեր ավտոն ջարդվավ: Ասում եմ, այ ընկեր, քո ավտոն ես չեմ ջարդել, էտի դու ես ջարդել»,- պատմեց Ասադը:
Ի դեպ, սպանված ոչխարներից հինգն էլ պատկանել են նրա քրոջը: Ինչ վերաբերում է փոխհատուցում ստանալու հարցին, ապա Ասադ Կալոյանն ասաց, որ «Մերսեդեսի» վարորդն անգամ նեղություն չի քաշել հիվանդանոց այցելել՝ պարզելու, թե ինչ վիճակում է գտնվում իր կողմից վրաերթի ենթարկված հովիվը:
Ի պատասխան հարցի, թե որքա՞ն է իր վնասի չափը և պատրաստվու՞մ է արդյոք վարորդից փոխհատուցում պահանջել, Ասադ Կալոյանն ասաց. «Ես շատ գիտեմ, ես չեմ, դու ես իմ տեղը… գոնե մի հատ գային խոսային»:
Ասադ Կալոյանը նշեց, որ վրաերթի ենթարկված բոլոր ոչխարները եղել են «մայր ու ղոչ», որոնց շուկայական մոտավոր արժեքը մոտ 50 000 դրամ է: Այսինքն, այդ տրամաբանությամբ, պատճառված վնասը կազմում է մոտավորապես 2.5 մլն դրամ։
Լուսանկարը՝ Lorinews.am-ի










