«Առաքելությունը» կդառնա կուսակցություն. նրանք իրենց անվանում են ընդդիմություն ու չեն սատարում որևէ թեկնածուի
Այսօր կուսակցության առաջին և հիմնադիր համագումարի պատվիրակների քվեարկությամբ որոշում ընդունվեց «Առաքելություն» անունով քաղաքական ուժը պետականորեն գրանցել:
Նշենք, որ ՀՀ քաղաքացու անձնագրի նմանությամբ տպագրված մանդատով քվեարկած պատվիրակների միջին տարիքը 22-25 տարեկան է: «Առաքելությունն» իրեն ընդդիմադիր է հռչակում և դեռ նախորդ տարեվերջին հայտարարություն է տարածել այն մասին, որ չեն պաշտպանում ՀՀ նախագահի որևէ թեկնածուի:
«Առաքելություն» կուսակցության ծրագրի առաջին տողը հռչակում է. «Կուսակցությունը ազատական, ժողովրդավարական քաղաքական ուժ է, որի հիմնական սկզբունքն է՝ «ոչ թե քաղաքացին իշխանության համար, այլ իշխանությունը՝ քաղաքացու»:
Ներկայումս «Առաքելությունը» կոչ է անում ակտիվորեն մասնակցելով ընտրություններին՝ անվավեր դարձնել քվեաթերթիկները, դրանցում ավելացնելով «բոլորին դեմ եմ» գրությունը:
Կուսակցությունը նպատակ է հռչակել Ընտրական օրենսգրքում վերականգնել նախկին՝ «բոլորին դեմ եմ» տողը:
Նրանք նաև առաջարկում են՝ սահմանափակել մեկ անձի կողմից կյանքի ընթացքում երկու անգամից ավել ՀՀ նախագահ ընտրվելու հնարավորությունը:
««Առաքելություն» կուսակցությունը ստեղծվում է ՀՀ քաղաքացու շահերից, կուսակցությանն անդամակցել են հիմնականում նախկինում անկուսակցական քաղաքացիներ: Իսկ ինչու «Առաքելությո՞ւն», «Առաքելություն» որովհետև նախաձեռնող խմբի անդամները այլ կուսակցության մեջ չտեսան այն ուժին, որը իրականություն կդարձնի մեր պատկերացումները Հայաստանի ապագայի մասին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ, նախկին «Այլընտրանք» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանուկ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ «Այլընտրանքի» ակունքներում էր ներկայումս «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Նիկոլ Փաշինյանը, որը այս ժամանակ շրջելով ՀՀ մարզերում ու գյուղերում՝ առաջ քաշեց իր հայտնի «մեկ գումարած մեկ, գումարած մեկ» բանաձևը:
Ի պատասխան հարցի, թե ինչո՞վ է տարբերվելու «Առաքելությունը» մնացած քաղաքական ուժերից, Մանուկ Սուքիասյանը նշեց, որ իրենք փորձելու են իրագործել հռչակված գաղափարները, սեփական համախոհների ավելացման միջոցով հասնել երկրում իրավիճակի փոփոխությանը և ոչ թե «գրել ծրագիր և դնել գզրոցներում»:
Այնուամենայնիվ, «Առաքելության» անդամները խուսափում են հռչակված նպատակների իրագործման ժամկետներ նշելուց: Մանավանդ, որ գործ ունեն «ռադիկալ իշխանության» և «իմպուլսիվ» հասարակության հետ, որը մերթ ընդ մերթ արթնանում է:
«Առաքելություն» կուսակցությունն արտաքին քաղաքական ոլորտում կողմնակից է անմիջական հարևանների հետ բարիդրացիական ու փոխգործակցային հարաբերություններին, ՀՀ-ՌԴ հարաբերությունների՝ ռազմավարական բնույթ կրելուն, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների՝ առանցքային ուղղություն լինելուն:
Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապա «Առաքելությունը» գտնում է, որ Հայաստանում իրականությունը շատ հեռու է եվրոպական լինելուց և որ Հայաստանի եվրաինտեգրացումը ավելի շատ հռչակագրային, քան իրական բնույթ է կրում:
Նրանք նաև առաջարկում են՝ անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, պետական ապարատի կազմի ու ԱԺ պատգամավորների թվաքանակի կրճատմանը, աստիճանաբար պրոֆեսիոնալ բանակին անցնելուն:
Համագումարի մեկնարկին մինչև հաջորդ համագումար ընտրվեց ղեկավար մարմին՝ կոլեգիալ ղեկավարման սկզբունքով: Այն է՝ ինը հոգանոց քաղաքական խորհուրդ, որի կազմում են՝ Մանուկ Սուքիասյանը, Ազատ Թովմասյանը, Մեսրոպ Առաքելյանը, Մարինե Եփրեմյանը, Վահե Թորոսյանը, Դավիթ Մուրադյանը, Գարեգին Մուրադյանը, Էդուարդ Տերտերյանը:










