Սերժ Սարգսյանի ամենամեծ ռեսուրսը երկրից բացակայող ընտրողներն են. Արմեն Բադալյան
Ընտրություններից մեկ ամիս առաջ արված հարկային բարեփոխումներով իշխանություններն ակնհայտ ցույց են տալիս, որ իրենք են ընտրվելու, իսկ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ամենամեծ ռեսուրսը երկրից բացակա ընտրողներն են, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Նա նշեց, որ սովորաբար ցանկացած երկրում նման բարեփոխումների մասին իշխանությունները մինչև ընտրությունները լռում են:
«Ատամնաբուժական ոլորտում հարկերի բարձրացումը ընտրություններից մեկ ամիս առաջ խոսում է նրա մասին, որ իրենք ուզում են ասեն՝ ինչ ուզում եք արեք, մեզ չի հետաքրքրում: Ցանկացած երկրում իշխանությունը կվախենար ձայն կորցնել, իսկ մերոնք նույնիսկ չեն էլ վախենում, որովհետև գիտեն, որ իրենք հաղթանակ են տանելու»,- ասաց նա:
Արմեն Բադալյանը ընդգծեց, որ ընտրությունները նկարվելու են և գործող նախագահն իր ռեսուրսների շնորհիվ արդեն ընտրված է:
«Նրա ամենամեծ ռեսուրսը երկրից բացակայողներն են, որովհետև նրանց ձայները հենց հօգուտ նախագահի են կեղծվելու: Դա կազմում է մոտ 300-400 հազ. ձայն»,– ասաց նա։
«Իր համակիրները և հասարակության այն հատվածը, որը միշտ իշխանությանն է ձայն տալիս կազմում է մոտ 200 հազ., ՕԵկ-ի ընտրազանգվածն էլ ու կաշառքի միջոցով ԲՀԿ-ի մի մասն էլ, եթե նախագահին ձայն տա, կստացվի մոտ 1 մլն ձայն: Դե հիմա ինչքան էլ մյուսները հավաքեն, միևնույնն է, չեն կարող հասնել»,- ասաց նա:
Փորձագետը նշեց, որ Հայաստանում այս տարի կեղծվելու է ընտրությունների մասնակիցների թիվը, և հենց Բաղրամյան 26-ն է որոշելու, թե ով կլինի երկրորդ տեղում՝ Րաֆֆի հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, թե Պարույր Հայրիկյանը:
«Ինչքան կարող են՝ մարդկանց բերելու են ընտրատեղամասեր: Շրջաններից լուրեր ենք ստանում, որ մարդկանց գումար են առաջարկում միայն մասնակցության համար: Ասում են՝ գնացեք ում ուզում եք ընտրեք, միայն թե գնացեք»,- ասաց նա:
Այնուհետև Արմեն Բադալյանն անդրադարձավ նախագահի թեկնածուների PR-ին և նշեց, որ նրանցից և ոչ մեկինն ազդեցիկ չէ: Բայց առանձնապես անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ բագրատյանին:
«PR-ը պետք է բխի հասարակության արժեքային համակարգից: Պատահական չէ, որ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է վարսավիրանոց կամ բոլորի հետ ձեռքով բարևում, դա նորմալ չի ընկալվում հասարակության կողմից: Պետք է հիշել, որ ընտրարշավը այն շրջանն է, երբ դու պետք է ցույց տաս այն, ինչ նախորդ հինգ տարիների ընթացքում արել ես»,– ասաց նա:
«Հրանտ Բագրատյանն էլ գերագնահատում է իր ծրագիրը: Գյուղեգյուղ ընկած իր հարվարդյան համալսարանի տնտեսագիտություն է բացատրում: Իսկ ծրագիրը ընդամենը առիթ է քո իմիջը ներկայացնելու համար: Դու պետք է կարողանաս քեզ ներկայացնել, ոչ թե այնքան ծրագիրը»,-ասաց նա:
Փորձագետը ընդգծեց, որ քաղաքական ծրագիրը մի ամբողջ ընտրարշավի մեկ տարրն է միայն և հիշեցրեց, որ քարոզարշավի ընթացքում թեկնածուները պետք է կարողանան անել այնպես, որ քաղաքացին գնա ու իր ձայնը տանը հենց իրեն:










