Ռահիմ Սթերլինգը դատապարտվել է 12 ամսվա պայմանական ազատազրկման
Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռահիմ Սթերլինգը դատապարտվել է 12 ամսվա ազատազրկման՝ պատժի կրումը 18 ամսով պայմանականորեն կասեցնելով։ Անգլիական դատարանը նման վճիռ է կայացրել 2026 թվականի մայիսին տեղի ունեցած ավտովթարի և վտանգավոր վարելու գործով։
Միջադեպը գրանցվել է 2026 թվականի մայիսի 28-ի առավոտյան՝ Անգլիայի M25 և M3 մայրուղիներում։ Մեղադրանքի համաձայն՝ Սթերլինգն իր Lamborghini Urus մակնիշի ավտոմեքենան վարել է ծայրահեղ վտանգավոր ձևով՝ պարբերաբար փոխելով երթևեկության գոտիները և գրեթե բախվելով բաժանարար արգելապատնեշին։ Ականատեսները հայտնել են, որ ֆուտբոլիստը ղեկին ներշնչել է ազոտի ենթօքսիդ՝ այսպես կոչված «ծիծաղի գազ», ինչից հետո կորցրել է կառավարումն ու բախվել ճանապարհեզրի արգելապատնեշին։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները Սթերլինգին հայտնաբերել են վթարված մեքենայի ուղևորի նստատեղին՝ ազոտի ենթօքսիդի երկու տարայով։ Բարեբախտաբար, վթարի հետևանքով որևէ մեկը չի տուժել։ Դեռևս սեպտեմբերին ֆուտբոլիստն իրեն մեղավոր էր ճանաչել վտանգավոր վարելու, ազոտի ենթօքսիդի ապօրինի պահման և արյան նմուշ հանձնելուց հրաժարվելու մեջ։
Դատավոր Քիրսթի Ալմանը շեշտել է, որ ֆուտբոլիստի գործողությունները լուրջ սպառնալիք են եղել շրջապատի համար․
«Նա գիտակցաբար անտեսել է ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների անվտանգության հարցը»։
Դատարանի որոշմամբ՝ Սթերլինգի 12-ամսյա ազատազրկումը կասեցվել է 18 ամսով․ նա չի հայտնվի բանտում, եթե փորձաշրջանի ընթացքում պահպանի սահմանված պայմանները և նոր իրավախախտում թույլ չտա։ Բացի այդ, ֆուտբոլիստը պարտավորվել է կատարել 100 ժամ չվճարվող հանրային աշխատանք, երկու տարով զրկվել է վարորդական իրավունքից, ինչպես նաև պետք է վճարի 187 ֆունտ՝ տուժողների հիմնադրամին, և 85 ֆունտ՝ դատական ծախսերի համար։
Դատական նիստի ընթացքում Սթերլինգի փաստաբան Ջեյսոն Բարթֆելդը նշել է, որ իր պաշտպանյալը գիտակցել է իր վարքագծի վտանգավորությունը և կամավոր ներգրավվել է կախվածությունների դեմ բուժման ծրագրում։ Փաստաբանի խոսքով՝ կարիերայում, առողջական ու անձնական կյանքում ծանր փուլ հաղթահարելիս ֆուտբոլիստը դիմել էր ինքնահաղթահարման անառողջ միջոցների։ Դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի է առել Սթերլինգի նախկին օրինակելի վարքագիծը, բարեգործական գործունեությունը և բուժման դիմելու քայլը։
Հավելենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն այս պահին ազատ գործակալի կարգավիճակում է, և դատական այս գործընթացը կարող է բացասաբար անդրադառնալ նոր ակումբ գտնելու նրա հնարավորությունների վրա։ Նախորդ մրցաշրջանը Սթերլինգը կարճաժամկետ պայմանագրով անցկացրել է հոլանդական «Ֆեյենորդում», իսկ մինչ այդ հանդես է եկել անգլիական գրանդներում՝ «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում» (քառակի չեմպիոն), «Չելսիում» և «Արսենալում»։ Անգլիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 82 հանդիպման՝ դառնալով 20 գոլի հեղինակ (ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ, Եվրո-2020-ի եզրափակիչ), իսկ 2021 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ սպորտում ռասայական հավասարության համար մղած պայքարի համար։














