Բրազիլական ակումբում 238 մարդու կյանք խլած հրդեհից փրկված աղջիկը 1 շաբաթ անց մահացել է ավտովթարից

13:05 • 07.02.13

Բրազիլական Kiss ակումբում 238 մարդու կյանք խլած հրդեհից հրաշքով փրկված աղջիկը դեպքից մեկ շաբաթ անց մահացել է՝ ավտովթարի հետևանքով, հայտնում է newsru.com-ը։

 

21-ամյա ուսանողուհի Ջեսիկա դե Լիմա Ռոլը մասնակցել է հունվարի 27-ի չարաբաստիկ երեկոյի կազմակերպմանը. նա տոմսեր է վաճառել և ինքն էլ պատրաստվում էր ներկա գտնվել։ Սակայն վերջին րոպեին նրա 20-ամյա սիրելին՝ Ադրիանո Վեբեր Ստեֆանելը, զանգահարել է աղջկան և ինչ-որ անբացատրելի պատճառով խնդրել նրան մնալ տանը։ Աղջիկը համաձայնվել է։


Հաջորդ օրը ողբերգության մասին իմանալով Ջեսիկան ցնցվել է և երկար ժամանակ չի հավատացել, որ պատահականությունը փրկել է նրան մահից։ Այդ օրվանից հետո նա իր սիրելիին անվանել է «իմ պահապան հրեշտակ»։

 

Մեկ շաբաթ անց տղան որոշել է իր սիրելիի հետ գնալ ծնողների տուն, ովքեր բնակվում են գյուղում, սակայն երբ զույգը սկսել է իր 130 կմ-ոց ճանապարհը, նրանց մեքենային հարվածել է բեռնատարը։ Ջեսիկան ստացված վնասվածքներից մահացել է տեղում, իսկ նրա ընկերը, ով հաջորդ օրը պետք է նշեր իր ծննդյան օրը, մահացել է հիվանդանոցում։