Դեդ Հասանի հիմնական թշնամուն ոչնչացնողը կստանա 5 մլն դոլար պարգևավճար
Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանի «օրենքով գողերն» իրենց հիմնական թշնամու՝ «քրեական գեներալ» Ռովշան Ջանիևի սպանությունը գնահատել են 5 մլն դոլար։ Այդ գումարը, սակայն, դեռևս «օբշյակից» չի վճարվել։
Ինչպես «Росбалт»-ին պատմել են իրավապահ մարմիններից, վերջերս հավաքվել են Ասլան Ուսոյանի մերձավոր «օրենքով գողերը»։ Հանդիպմանը մասնակցել են Դմիտրի Չանտուրիան (Միրոն), Թեմուրի Միրզոևը (Թիմուր Սվերդլովսկի), Վասիլիյ Խրիստոֆորովը, Գադի Կալոյանը (Օնիկ), Վալերի Ֆարիզովը (Վալերա Քուրդ) և «հեղինակություն» Սադկոն։
Նրանք որոշել են կլանի «օբշյակից» 5 մլն դոլար հատկացնել Ռովշան Ջանիևին (Ռովշան Լենքորանսկի) վերացնելու համար, ով քրեական աշխարհում մեղադրվում է Դեդ Հասանի սպանությունը կազմակերպելու համար։
«Առաջարկությունը հետաքրքրել է բոլոր անդամներին, ովքեր անհրաժեշտ միջոցներ ունեն սպանությունը պատվիրելու համար»,-ասել է աղբյուրը։
Գումարը, սակայն, դեռևս չի վճարվել։ Աղբյուրի խոսքով՝ դեռևս չի հաստատվել Թուրքիայում Ջանիևի սպանությունը։
«Գանգստերների մի մասը պնդում է, որ Ռովշանը սպանվել է, իսկ մյուս մասը համոզված է, որ Ջանիևն ինք է տարածել իր մահվան մասին լուրերը, որպեսզի ժամանակավորապես դադարեցվի իր դեմ սկսված որսը։ Ճշգրիտ ասել, թե արդյոք տեղի ունեցել է սպանությունը, չեն կարող անգամ Թուրքիայում բնակվող «օրենքով գողերը»։ Տեղի իրավապահները դեռ չեն հաստատել տեղեկությունը»,-ասել է աղբյուրը։










