Գյուլը քննադատել է Իսրայելին և մեղադրել տարածաշրջանում լուծումներ պարտադրելու համար
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Եգիպտոսում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին ելույթի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler լրատվական կայքը, Գյուլը նշել է, որ տարածաշրջանում Իսրայելը փորձում է սեփական լուծումներ թելադրել և պարտադրել։
«Միջին Արևելքում արդարացի և տևական խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքների օկուպացումն է, և դա ոչ միայն ողջ իսլամական աշխարհի, այլև ողջ աշխարհի մարդկային խիղճն է վիրավորում»,-ասել է նա։
Գյուլն իսլամական պետություններին կոչ է արել միասնաբար ևս մեկ անգամ շեշտել, որ Իսրայելի կողմից իրականացվող գործողություններն իրենց համար անընդունելի են։










