Իրանի նախագահի թեկնածուի հայտարարությունը իմաստ չունեցող հայտարարություն է. իրանագետ

14:08 • 07.02.13

Իրանի նախագահի թեկնածու այաթոլլահ Սեյեդ Մոհամմադ Բաղեր Խարազին մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում ինքն առանց արյուն թափելու Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը կմիացնի Իրանին:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Ռուդիկ Յարալյանը կարծիք հայտնեց, որ նա դասվում է Իրանի ոչ շատ հայտնի քաղաքական գործիչների շարքին, և նրա հայտարարությունն ուղղված է Իրանի ազգայնամոլական լսարանին, իսկ այդ լսարանն այնքան էլ մեծ չէ, որ նախագահական ընտրութունների ընթացքի վրա ազդի:


Ասուլիսին ներկա մյուս իրանագետ Մհեր Բաղդասարյանի խոսքով՝ Իրանում արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի հոգևոր առաջնորդը, այսինքն՝ նախագահն ինքուրույն նման փոփոխություն անելու ի վիճակի չէ:


«Եթե նույնիսկ պատկերացնենք, ապա Իրանը իր միջազգային բոլոր ձեռքբերումները կթուլացնի, և դա ոչ մի իմաստ չունեցող հայտարարություն է»,- ասաց Մհեր Բաղդասարյանը:


Իրանագետի խոսքով, այս հայտարարության մեջ հիմքեր կարելի է գտնել ռուս-պարսկական պատերազմների ընթացքում կորցրած տարածքների (որոնք ընդգրկում են Հայաստանի, Վրաստանի, և ներկայիս Ադրբեջանի տարածքը) նկատմամբ հիվանդագին վերաբերմունքի։


Ռուդիկ Յարալյանի խոսքով՝ Ահմադինեժադն արդեն նշել է, որ Իրանը երբեք որևէ հավակնություն հարևան երկրների նկատմամբ չի ունեցել: Իսկ այս նորահայտ թեկնածուն նույնիսկ դեռ պաշտոնապես գրանցված չէ։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա բավականին հայտնի քաղաքական գործիչների ընտանիքից է, բայց ինքը, որպես այդպիսին, հայտնի չէ:

 

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին: Հավանական թեկնածուների շարքում են ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: