Վրաստանում Ստալինի ևս մեկ արձան է ներկվել վարդագույն ներկով
Վրաստանի Կախեթի շրջանի Ակուրա գյուղում անհայտ անձինք վարդագույն ներկ են լցրել Իոսիֆ Ստալինի կիսանդրու վրա և ցած գլորել այն պատվանդանից, հայտնում է Грузия Online-ը։ Առավոտյան Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշակոթող այցելած գյուղացիները հայտնաբերել են Ստալինի կիսանդրին գետնին ընկած։
Երկու շաբաթ առաջ էլ վարդագույն ներկ էր լցվել Զեմո Ալվանի գյուղում կանգնեցված Ստալինի արձանի վրա։
Վրաստանում իշխանափոխությունից հետո (հոկտեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո-Tert.am) Զեմո Ալվանի և Ակուրա գյուղերում կանգնեցվել կամ վերականգնվել են Ստալինի հուշարձանն ու կիսանդրին։
Տեղի բնակիչներն «իրենց մեծ հայրենակցի» հուշարձանների նկատմամբ բարբարոսությունների համար մեղադրում են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին։
Կայքը հիշեցնում է, որ և՛ Ստալինը, և՛ Սաակաշվիլին ծնվել են նույն օրը՝ դեկտեմբերի 21-ին։










