Կպատժվեն այն տնօրենները, ովքեր քարոզարշավի պատճառով կխախտեն դասապրոցեսը. վարչապետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսօր՝ մինչև Կառավարության նիստը, անդրադառնալով տեղեկություններին, որ նախընտրական քարոզարշավի պատճառով դպրոցներում խախտվում է դասապրոցեսը, քանի որ ուսուցիչներն ու աշակերտները հարկադրաբար բերվում են նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավին մասնակցելու, ասաց, որ իրենք արջի ծառայության կարիք չունեն և ավելացրեց, որ խստագույնս կպատժվեն նրանք, ովքեր կխախտեն օրենքը։
«Աչալուրջ ենք լինելու, և թող իմանան, որ միջամտելով արջի ծառայություն են մատուցում, որի կարիքը չունենք, բոլոր տնօրենները պետք է իմանան, որ ԿԳ նախարարության կողմից խստագույն վերահսկվում է այս գործընթացը»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Խոսքն ուղղելով Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ վարչապետը հետաքրքրվեց, թե նախարարության կողմից ինչ վերահսկողություն է իրականացվում այս գործընթացի վերաբերյալ:
Արմեն Աշոտյանն ասաց, որ մինչև ընտրությունների սկսվելը բոլոր մարզպետներին ուղարկվել է զգուշացում, որ իրենց մարզերում բոլորը վերահսկեն դպրոցներում ուսումնակական գործընթացի պահպանման ընթացքը:
«Երկու ահազանգ է եղել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցից և Արարատի մարզի Մասիսի գյուղատնտեսական քոլեջից: Ագարակի դպրոցի տնօրենին խիստ նկատողություն է ուղարկվել և Արարարտի մարզպետին հանձնարարվել է խիստ նկատողություն հայտնել Մասիսի քոլեջի տնօրենին»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ԿԳ նախարարի խոսքով, իրենց հիմնական նպատակները երկուսն են` որևէ քաղաքական գործընթաց չիրականացվի ուսումնական հաստատություններում և ուսումնական գործընթացը չխաթարվի:
«ԿԸՀ կայքում նշված են այն բոլոր ցանկերը, որտեղ թեկնածուները կարող են անցկացնել հանդիպումներ, դրանցում կան նաև դպրոցներ, որպեսզի հարմարավետ օգտվեն դահլիճներից: Իսկ ոչ դասերի ժամին դպրոցականների մասնակցությունը այս կամ այն քարոզարշավին արգելված չէ, և մամուլում կան նյութեր, որ նրանք մասնակցում են ոչ միայն գործող նախագահի, այլ մնացած թեկնածուների քարոզարշավներին` ելնելով ծնողների և իրենց քաղաքացիական և քաղաքական դիրքորոշումից»,- ասաց Արմեն Աշոտյանը:










