Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել Սաակաշվիլիի ամենամյա զեկույցը

15:06 • 07.02.13

Վրաստանի խորհրդարանի բյուրոն որոշում է կայացրել երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենամյա ելույթը չեղյալ համարելու մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

 

Խորհրդարանի ղեկավար Դավիդ Ուսուպաշվիլիի խոսքով՝ նման որոշում կայացնելը պայմանավորված է Սաակաշվիլիի ղեկավարած ընդդիմության կողմից նախագահի սահմանադրական իրավունքները սահմանափակելու վերաբերյալ առաջարկի մերժումով։

 

Խորհրդարանի ընդդիմության ղեկավար Դավիդ Բաքրաձեն հայտնել է, որ Սաակաշվիլին պատրաստ է եղել ելույթ ունենալ խորհրդարանում և մասնակցել բանավեճերին։

 

«Կարելի է միայն ափսոսալ խորհրդարանական մեծամասնության որոշման համար»,-ասել է Բաքրաձեն։


Երեքշաբթի օրը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել Սաակաշվիլիի ամենամյա զեկույցին։


«Ես մտադիր չեմ ներկա լինել նախագահի ելույթին և չեմ պատրաստվում լսել նրա հիմարությունները»,-ասել է նա։