Սիրիայի ընդդիմությունը ներկայացուցչություններ կբացի Վաշինգտոնում և Նյու Յորքում
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Վաշինգտոնում և Նյու Յորքում ներկայացուցչություններ կբացի։ Ինչպես տեղեկանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին գրել է Washington Times պարբերականը՝ ՄԱԿ-ի դիվանագիտական աղբյուրներին հղումով։
Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնում ներկայացուցչությունը ղեկավարելու է անշարժ գույքի վաճառքով զբաղվող Ուբաբ Խալիլը, իսկ Նյու Յորքի գրասենյակը ղեկավարելու է Նաջիբ Կադբիանը, ով դասավանդում է Արքանզասի համալսարանում։
Վաշինգտոնի ներկայացուցչությունը կազմակերպելու է ընդդիմության առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Խաթիբի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստումը, իսկ Նյու Յորքի գրասենյակն իրականացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ համաձայնությունների ձեռքբերումը։
Ազգային կոալիցիան ստեղծվել է 2012թ.-ի նոյեմբերի 11-ին՝ Դոհայում։
Այն իրեն հռչակել է սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ և միջազգային հանրությունից ֆինանսական օգնություն և զենք է պահանջում՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարելու համար։
Կոալիցիային ճանաչել են նաև ԱՄՆ-ն, Եվրոպական միության առաջատար երկրներն ու արաբական երկրները։










