Թունիսի կառավարությունը հրաժարական կտա՝ ընդդիմադիր առաջնորդի սպանության պատճառով

10:19 • 07.02.13

Թունիսում ձևավորվելու է նոր կառավարություն՝ առանց քաղաքական պատկանելությունը հաշվի առնելու։ Այս մասին հայտարարել է վարչապետ Համադի Ջեբեյլին երկրում ընդդիմադիր առաջնորդ Չոքրի Բելաիդի սպանության ֆոնին։
 

Նա տեղեկացրել է, որ գործող կառավարությունը հրաժարական կտա։


«Ես ազգային կառավարություն ստեղծելու որոշում եմ կայացրել, որի կազմում չեն լինի կուսակցականներ»,-ասել է Ջեբեյլին։
Նրա խոսքով՝ նոր կառավարության լիազորությունները սահմանափակ կլինեն, և այն երկիրը կհասցնի մինչև նոր ընտրություններ։

 

Թունիսում Չոքրի Բելաիդի սպանությունից հետո զանգվածային բողոքի ակցիաներ էին սկսվել։ Մայրաքաղաքում ՆԳՆ շենքի մոտ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկան է սպանվել։


Բողոքի ակցիաներ են ընթացել նաև այլ քաղաքներում։


Թունիսի ընդդիմությունը համընդհանուր գործադուլի կոչ էր արել և դադարեցրել էր իր աշխատանքը խորհրդարանում։ Չոքրի Բելաիդն իշխող իսլամիստական կուսակցության ամենախիստ քննադատներից էր։