ՀՀ դեսպանը մասնակցել է ՄԱԿ-ում Ներառական կրթության վերաբերյալ քննարկմանը
ՄԱԿ-ի կենտրոնատեղիում փետրվարի 6-ին կայացել է կազմակերպության Մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից կազմակերպված «Ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար» խորագրով բարձր մակարդակի քննարկում, որին որպես հիմնական բանախոս հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը։
Ըստ ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության՝ ՀՀ դեսպանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության բնագավառում Հայաստանի անցած ուղին, ներկա վիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև ապագա ծրագրերն՝ այդ թվում կառավարության օրենսդրական նախաձեռնությունները:
Դեսպան Նազարյանն ընդգծել է, որ տվյալ բնագավառում արձանագրված առաջընթացը հնարավոր է դարձել ՀՀ կրթության ու գիտության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, հայկական ու միջազգային հասարակական կազմակերպությունների և դոնոր երկրների միջև համագործակցության ու հետևողական համատեղ ջանքերի արդյունքում:
Քննարկմանը ներկա են գտնվել ՄԱԿ-ում հավատարմագրված անդամ պետությունների դեսպանները և պատվիրակությունները, ՄԱԿ-ի քարտուղարության տարբեր կառույցների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Քննարկումը նախագահել է UNICEF-ի գործադիր խորհրդի նախագահը, իսկ բացման խոսքով հանդես է եկել նաև UNICEF-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:










