ԱՄՆ դիվանագետը մեղադրում է Ֆրանսիային Ալ Կաիդայի ֆինանսավորման մեջ
Մալիում ԱՄՆ-ի նախկին դեսպան Վիկի Հադլսթոնը մեղադրել է Ֆրանսիային «իսլամական Մագրիբի երկրների Ալ Կաիդայի» անուղղակի ֆինանսավորման մեջ, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ մեջբերելով դիվանագետի՝ ֆրանսիական iTele հեռուստաընկերությանը տված հարցազրույցը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան 17մլն դոլար է վճարել իր քաղաքացիների ազատման համար, որոնց աֆրիկյան զինյալները պատանդ էին վերցրել: Արդյունքում, ինչպես պնդում է Հադլսթոնը, այդ փողերն ընկել են ԱլԿաիդայի ձեռքը, որի դեմ էլ այժմ մարտնչում է Ֆրանսիան Մալիում:
Խոսքը գնում է 4 ֆրանսիացիների մասին, ովքեր 2010թ. պատանդ էին վերցվել Նիգերի Առլիտ քաղաքում: Փարիզը 17 մլն դոլար էր վճարել Մալիի կառավարությանը, որը պետք է լուծեր պատանդներին ազատ արձակելու հարցը: Այդ գումարի առնվազն մի մասն ընկել է ռադիկալ իսլամիստների ձեռքը, իսկ գերիներն այդպես էլ չեն ազատվել, նշում է Հադլսթոնը:
Ֆրանսիան պաշտոնապես հերքել էր պատանդների համար փրկագին վճարելու տեղեկությունը:










