Հնդկաստանը հրաժարվել է իսրայելական Iron Dome հակահրթիռային համակարգից
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է իսրայելական հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» (Iron Dome) համակարգի գնումից, հաղորդում է Defense News-ը:
Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ՌՕՈւ հրամանատար Նորման Անիլ Կումար Բրաունը: Նրա խոսքով, իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգը հնդկական զինուժին համապատասխան չէ: Միևնույն ժամանակ Բրաունը չի հստակեցրել, թե համակարգի հատկապես որ չափանիշները չեն համապատասխանում իրենց պահանջներին:
Իսրայելը Հնդկաստանին առաջարկել էր ՀՀՊ Iron Dome համակարգը գնել 2010թ.: Բացի այդ իսրայելական Rafael ընկերությունը հնդկական պաշտպանական գերատեսչության հետ բանակցություններ էր վարում հակաօդային պաշտպանության «Դավթի պարսատիկ» (David's Sling) համակարգերի մատակարարման վերաբերյալ:
Նման բանակցությունների փաստը հաստատվել էր նաև հնդկական ՊՆ-ի կողմից, սակայն չէր հստակեցվել, թե դրանք որ փուլում են գտնվում:
Դեռ 2009թ. Հնդկաստանի ՊՆ-ն Իսրայելի հետ համաձայնագիր էր ստորագրել համատեղ հիմնարկ ստեղծելու վերաբերյալ, որը պետք է միջին հեռահարության հակահրթիռային համակարգեր ստեղծեր: Նախագծի արժեքը կազմել էր 2,2 մլրդ ԱՄՆ դոլար:











