Այսօր էլ հայ ժողովրդի համար Վարդանանց ճակատամարտը շարունակվում է. Արամ Ա կաթողիկոս (տեսանյութ)

22:43 • 09.02.13

Անթիլիասի Մայրավանքում տեղի է ունեցել Վարդանանց նահատակների հիշատակի արարողությունը։ Թեև Վարդանանց տոնը նշվում էր երկու օր առաջ, սակայն տոնակատարության ընթացքում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթի տեսագրությունը համացանցում տեղադրվել է այսօր։

Վեհափառը նշել է, որ Վարդանանց մարտիկների պատգամը, որն այսօր ուղղված է մեզնից յուրաքանչյուրին՝ հավատարմությունն է։

Նրա խոսքերով՝ հենց հավատարմության ոգով էր, որ Վարդանանք դեմ եկան Հազկերտի հազարներ հաշվվող բանակներին, որովհետև գիտակցում էին իրենց հավատարմությունը քրիստոնեական հավատքին և պատկանելիությունը հայ ազգին։


Վեհափառն ընդգծել է, որ առ այսօր Վարդանանց պատգամն է հավատարիմ լինել քրիստոնեական հավատքին և արժեքներին։
«Հավատարիմ ըլլալ մեր ազգին ու հայրենիքին նկատմամբ, հավատարիմ ըլլալ մեր սկզբունքներուն և ավանդություններուն»,-ասել է Արամ Ա-ն։


Շարունակելով խոսքը՝ վեհափառը նշել է, որ այսօր էլ Վարդանանց ճակատամարտ է՝ Հայաստանում, Արցախում և ողջ աշխարհում և այսօրվա պայքարն ավելի ահեղ է անցյալի պայքարներից։


Արամ Ա-ն նշել է, որ հայ ժողովուրդն այսօր գտնվում է համաշխարհայնացման վտանգի առաջ և պետք է միջոցներ ձեռնարկել՝ համաշխարհայնացման վնասներից խուսափելու համար։


«Լավագույն միջոցը հավատարմությունն է։ Հավատարմություն՝ անցյալեն եկող արժեքներուն և սկզբունքներուն»,-ասել է վեհափառը՝ կոչ անելով հայ ժողովրդին հավատարիմ մնալ Վարդանանց ոգուն։