«Մենք հավատում ենք, որ ձեր խոսքը գործ է». թալինցին Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի կարգախոսով խնդրանք հայտնեց

12:57 • 09.02.13

ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Արագածոտն մարզի Թալին քաղաքում ընտրողների հետ հանդիպումը սովորականի նման ելույթով չսկսեց, այլ առաջարկեց սկսել հարցուպատասխանից։ Նախագահը մինչ Թալին գալն արդեն հասցրել էր լինել մարզի մի քանի գյուղերում։ «Հարցուպատասխանով իրավիճակն ավելի պարզ է դառնում»,- նշեց նա։


Նախագահը միայն ասաց, որ անցյալ տարի այստեղ էր ԱԺ ընտրությունների առիթով, իսկ այսօր էլ հասկանալի է, թե ինչու է եկել։ «Եկել եմ խնդրեմ սատարեք ինձ, ունեմ բազմաթիվ ծրագրեր, որոնք չեն ավարտվել և կցանկանայի այս ծրագրերն ավարտին հասցնել»,- ասաց նա։


Նա նշեց, որ պետությունը պետք է բարելավի գյուղում ծառայությունների որակն ու մատչելիությունը, բայց միայն գյուղացիների աջակցությամբ։ «Առանց աշխատելու մեծ ցանկության, միայն պետության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չեն»,- ասաց նա։


Թալինցի մի կին նախ շնորհակալություն հայտնեց քաղաքի կենտրոնական փողոցները բարեկարգելու համար, բայց նաև նշեց, որ ոչ կենտրոնական ճանապարհները դեռևս անբարեկարգ են։ «Մենք հավատում ենք, որ ձեր խոսքը գործ է»,- շփոթված վրա բերեց տիկինը, մոռանալով, որ ինքը ՀՀԿ թեկնածուի հետ է հանդիպման եկել և ոչ թե Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ով սիրում է կրկնել, թե իր խոսքը գործ է։ Այնուհետև իր սխալն ուղղեց և նշեց, որ իրենք առանց նրա խնդրելու էլ սատարում են նախագահին։ «Եվ բոլորս միասին հավատացած ենք, որ կգնանք դեպի ապահով Հայաստան»,- փորձեց ուղղել իրեն թալինցին։


Դահլիճում հավաքված գյուղապետերը առիթից օգտվելով բարձրացրեցին գյուղի խնդիրները։ Կարմրաշենի համայնքապետ Արտաշես Մելիքյանը դժգոհեց գյուղի ճանապարհներից, թե այնքան վատ է, որ գյուղից ոչ աղջիկ ուզելու են գալիս, ոչ էլ աղջիկ են տալիս։ Նախագահը հետաքրքրվեց, թե շա՞տ են չամուսնացած տղաները և խոստացավ հարցը լուծել։


Կաթնաղբյուրի համայնքապետը նշեց, որ սոցներդրումների համաֆինանսավորմամբ գյուղում ջրամբար է կառուցվել, սակայն կիսատ է մնացել։ Ըստ նրա, 30 մլն դրամ է ծախսվել և ըստ մոտավոր հաշվարկների՝ դեռ 20 մլն էլ անհրաժեշտ է գործն ավարտին հասցնելու համար։


Ի դեպ, նշենք, որ մինչև նախագահի այցը գյուղապետերը նամակներով իրենց խնդիրները ներկայացրեցին նախագահին։