Սկսվել է ՀՀ նախագահի թեկնածուների էլեկտրոնային քվեարկությունը
Այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներդրված հատուկ ծրագրի միջոցով սկսվել է փետրվարի 18–ի նախագահական ընտրություններին թեկնածուների էլեկտրոնային քվեարկություն՝ արտերկրում բնակվող դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների համար:
Այն կտևի հինգ օր և կհրապարակվի քվեարկության օրվա ավարտից հետո: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նշենք, որ մեկ անգամ քվեարկած անձը կարող է մի քանի անգամ փոխել քվեարկության արդյունքը, սակայն ծրագիրը հաշվի է առնելու նրա վերջին քվեարկությունը:
«Քանի որ դիվանագետներն ու հյուպատոսները և նրանց ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիները քվեարկում են ինտերնետի միջոցով, նոր էլեկտրոնային քվեարկության առանձնահատկություններից մեկն է, որ անձը հնարավորություն ունենա բազմակի անգամ մուտք գործել համակարգ, որպեսզի, եթե որևէ մեկի կողմից անգամ փորձ է կատարվում վերահսկողություն իրականացնել, ապա նա, հավաքելով իր գաղտնաբառն ու բանալին՝ մուտք գործի համակարգ և փոխի քվեն»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նա նշեց, որ այն քաղաքացիները, որոնք այդ ընթացքում առհասարակ մուտք չեն գործի համակարգ, նրանց անունները սահմանված կարգով կվերականգնվեն ընտրողների ոչ էլեկտրոնային ցուցակում:
Նշենք, որ այս ծրագիրը կիրառվում է երկրորդ անգամ. առաջին անգամ ներդրվել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Այն ժամանակ էլեկտրոնային քվեարկողների ցուցակում ներառվել էր 238 անձի տվյալներ:
Նշենք, որ դիվանագետների հիմնական մասն ընտրել էր ՀՀԿ-ին՝ 174 ձայներով, «Բարգավաճ Հայաստանը» և «Հայ ազգային կոնգրեսը» ստացել էին 2-ական, «Ժառանգությունը«՝ 5 , Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 6, «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը» և «Միավորված հայերը» 1-ական, իսկ «Օրինաց երկիրը» 0 ձայն:
Եվս 4 հոգու քվեարկություն համարվել էր անվավեր:
Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու համար ընտրողը պետք է գրանցվի «գրանցում» բաժնում` համապատասխան դաշտերում մուտքագրելով անձնագրի սերիան և համարը, ծրարով իրեն տրամադրված անհատական ծածկագիրը, իր կողմից կամայականորեն ընտրված օգտվողի անունը և անհատական գաղտնաբառը, ցանկության դեպքում նաև էլեկտրոնային փոստի հասցեն`համապատասխան հաղորդագրություններ ստանալու նպատակով:
Գրանցվելուց հետո ընտրողը մուտք է գործում «քվեարկել» բաժին, համապատասխան դաշտերում լրացնում գրանցման ժամանակ իր կողմից մուտքագրված օգտվողի անունը և անհատական գաղտնաբառը և ստանում էլեկտրոնային քվեաթերթիկի միջոցով քվեարկելու հնարավորություն:










