Բրիտանացին Facebook-ում սպառնացել է սպանել 200 ամերիկացի աշակերտների
Facebook սոցկայքի անանուն էջում 24-ամյա բրիտանացի Ռիս Էլիոթը սպառնալիքներ է հրապարակել՝ ուղղված ամերիկացի երեխաների դեմ, հայտնում է Russia Today-ը:
«Ես հույս ունեմ ամենաքիչը 200 երեխա սպանել նախքան իմ կյանքին վերջ տալը: Հայրս 3 զենք ունի և ես պատրաստվում եմ առաջինը նրան սպանել ու աղբարկղը գցել: Հետո ես մեքենա կվերցնեմ ու արագ դպրոց կհասնեմ»,- մասնավորապես գրել է Սաութ Շիլդսում ապրող բրիտանացին: Նրա սպառնալիքը վերաբերել է ԱՄՆ-ի Թենեսի նահագնի Warren County դպրոցին:
Այս մասին անմիջապես ծանուցվել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայությունը, դպրոցում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Ոստիկաններ են ուղարկվել շրջանի ևս 11 դպրոցներ:
Նրան այժմ ձերբակալել են, չնայած իրավապահները կասկած են հայտնել, թե նա կյանքի կկոչեր իր ծրագիրը: Առայժմ հայտնի չէ, թե որ երկրում՝ ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ ՄԲ-ում, կանցկացվի այս գործով դատավարությունը:
2 ամիս առաջ Սենդի Հուքում արձանագրված ողբերգությունից հետո, երբ դպրոցում 26 մարդ էր սպանվել, ԱՄՆ-ում նման սպառնալիքներին մեծ կարևորություն են տալիս, նշում է աղբյուրը:










