Սերժ Սարգսյանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 69%-ը. The Gallup Organization

14:12 • 09.02.13

The Gallup Organization-ի արած հարցումների համաձայն, եթե ՀՀ նախագահական ընտրություններն անցկացվեին հիմա, ապա ընտրություններին կմասնակցեր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 49%-ը: Սերժ Սարգսյանին աջակցող ընտրողների մեծամասնությունը` 69%-ը, պատրաստ է քվեարկել նրա օգտին, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` 11%-ը, իսկ Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 5%-ը: Մնացած թեկնածուները հավակնում են 1% և ավելի քիչ ձայների:


Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց Gallup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն:


Ռասա Ալիշաուսկիենեն հայտնեց, որ հարցումն անցկացվել է հունվարի 25-ից փետրվարի 2-ը ընկած ժամանակահատվածում,և չի ընդգրկում Պարույր Հայրիկյանի հետ կապված դեպքերը, քանի որ այն նշանակալի ազդեցություն չի ունեցել հարցման արդյունքների վրա:


Ընտրություններին մասնակցել ցանկացողների և իրենց ձայները որևէ թեկնածուի օգտին տալու հարցում վերջնական կողմնորոշվել է 72%-ը, իսկ 19%-ը դեռ կարող են փոխել իր կարծիքը:


Բացի այն, թե ում օգտին են քվեարկելու, հարցվողներից հետաքրքրվել են նաև, թե ում օգտին չեն քվեարկելու:


«Ըստ այդմ` ընտրողների 20%-ն իր ձայնը չի տա Արման Մելիքյանին, 18%-ը Արամ Հարությունյանին, 17%-ը` Հրանտ Բագրատյանին, 16%-ը` Րաֆֆի Հովհաննիսյանին, 4%-ը՝ Սերժ Սարգսյանին»,- ասաց Ռասա Ալիշաուսկիենեն:


Բացի այդ, համապետական հարցման ժամանակ Հայաստանի ընտրողներին հարցրել են, թե որքանով են հաստատակամ նրանք իրենց ընտրության մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնած ընտրողների 78%-ն ասել է, որ իր ընտրությունը չի փոխի, Սերժ Սարգսյանի ընտրազանգվածի 73%-ն է կայուն իր որոշման մեջ, իսկ Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի օգտին քվեարկելու պատրաստների համապատասխանաբար 68% և 47%-ն իր որոշումը չի փոխի:


«Հարցվողներից հետաքրքրվել ենք նաև թեկնածուների նկատմամբ ունեցած դրական կամ բացասական կարծիքի վերաբերյալ: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրողների 68%-ը արտահայտել է դրական վերաբերմունք, Րաֆֆի Հովհաննիսյանի դրական վարկանիշը 52% է, Պարույր Հայրիկյանինը` 33%, Հրանտ Բագրատյանինը` 23%: Վարդան Սեդրակյանի, Արման Մելիքյանի և Անդրիաս Ղուկասյանի վարկանիշը, ըստ հարցվածների, մոտ 51%-ի կարծիքով բացասական է»,- ասաց Ռասա Ալիշաուսկիենեն։


Անցկացված երրորդ հարցումը հաստատեց, որ Հայաստանի քաղաքացիների համար հեռուստատեսությունը մնացել է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը, որին հաջորդում է «բանավոր խոսքը» և ինտերնետը:


Հարցման հաջորդ արդյունքները կհրապարակվեն հենց ընտրությունների օրը: