Սերժ Սարգսյանը Գումրիին մշակութային նոր ոսկեդար խոստացավ (նկարներ)

17:52 • 09.02.13

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպեց նաև գյումրեցիների հետ։ Թատերական հրապարակում հավաքված գյումրեցիներին նախագահը խոստացավ վերադարձնել Գյումրիի նախկին մշակութային փառքը։ Նա նշեց, որ խոսել Գյումրու մասին և չխոսել մշակույթից աններելի է.


«Չհիշել այն հսկաներին, այն սյուներին, որոնց ծնել և մեծացրել է Գյումրին... Հավատում եմ Գյումրու նոր ոսկեդարին»,- ասաց նա։



Նախագահը խոստացավ, որ շարունակելու են Երևանի բեռնաթափման ծրագիրը։


«Վերընտրվելու դեպքում այս ուղղությամբ կլինի որոշում, որը, վստահաբար, դուր կգա գյումրեցիներին»,- ասաց նա և ավելացրեց, որ վերագտնելու են Գյումրու մթնոլորտը։

Սերժ Սարգսյանը հավատացրեց, որ շատ իրատեսական ժամանակում «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում Գյումրին Երևանին է կապելու նոր ժամանակակից մայրուղին. «Հավատացնում եմ, որ դա լինելու է շուտով»,- նշեց նա։


Նախագահը խոստովանեց, որ այցելելով Գյումրի միշտ երկակի զգացողություն է ունենում։


«Մի կողմից պարտավորվածության զգացում, որն ինձ հուշում է՝ անհնարինն անելու, որպեսզի օր առաջ Գյումրին դառնա ավելի բարեկեցիկ և գտնի իր երբեմնի հպարտությունը։ Մյուս կողմից հանգստության զգացումը»,- ասաց նա՝ նշելով, որ այս տարիներին ստանձնել են Գյումրիում վերականգման ծրագիրը և նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ արձանագրվեցին տնտեսական անկման ցուցանիշներ, իրենք երբեք չեն դադարեցրել աղետի գոտու շինարարական աշխատանքները։


«Գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինարարական աշխատանքները, բայց եթե մարդուն ապահովում ես բնակարանով, ու զուգահեռաբար հնարավորություն չես տալիս աշխատելու, ապա կորչում է վաղվա նկատմամբ հավատը»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի այդ հարցը դառնա առաջնահերթություն՝ հարկային քաղաքականության նոր մոտեցումներով և ներդրումներն ուղղելով համայնքներին։
«Քվեարկեք «Դեպի ապահով Հայաստան» ծրագրի համար, ապահով հայրենիքի և ապահով Գյումրիի, օգնեք, որ միասին կառուցենք այն երկիրը, որում արժանի ենք ապրել և՛ դուք, և՛ ես։ Գյումրին հանրապետության մնացած համայնքների հետ միասին կանի ամեն ինչ, որպեսզի անցկացնենք պատմության մեջ ամենալավ ընտրությունները»,- եզրափակեց նա։


Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Tert.am-ի հետ կարճ զրույցում ենթադրեց, որ գուցե նախագահն իր ելույթով նկատի ուներ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը կտեղափոխվի Գյումրի։


«Համենայնդեպս մենք շատ կցանկանանք, որպեսզի Մշակույթի նախարարությունը գործի Գյումրիում»,- ասաց նա։


Ի դեպ, նշենք, որ նախագահին դիմավորելու էր եկել Գյումրու ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը։