Պզոյի դատավարությունն ավարտվեց. «օրենքով գողը» մոտ կես տարուց ազատ է արձակվելու
Նյու Յորքի դաշնային դատարանը (ԱՄՆ) երեկ երեկոյան 37-ամսյա ազատազարկման է դատապարտել հայտնի «oրենքով գող» Արմեն Ղազարյանին (մականունը` Պզո):
Ինչպես տեղեկանում ենք Միացյալ Նահանգների Հետաքննություննրի դաշնային բյուրոյի կայքից, դատարանը վճռել է նաև Ղազարյանից 60 հազ.դոլար տուգանք գանձել և բռնագրավել «օրենքով գողի» ունեցվածքը, այդ թվում՝ Կալիֆոռնիայի նահանգում գնվող առանձնատունը, որը գնահատվում է 600 հազ. դոլար:
Պզոն մեղավոր է ճանաչվել ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարարություններ կատարելու համար: Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում բացահայտվեց խոշոր զեղծարարություն` բժշկական օգնության համակարգում։ Հատուկ ծառայությունները ձերբակալեցին հանցավոր խմբավորման (անվանումը` «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն») տասնյակ անդամների (հիմնականում Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի քաղաքացիների)։ Ձերբակալվածների թվում էր նաև Պզոն, որը, դատախազության տվյալներով, ղեկավարել էր այդ խմբավորումը:
Հետաքննության տվյալներով` խմբավորումը գրանցել էր մի քանի գոյություն չունեցող կլինիկաներ և այդ բուժհաստատությունների անունից ապահովագրական գումարներ ստանալու նպատակով պարբերաբար վճարման ենթակա կեղծ հաշիվներ է ուղարկել Medicare-ին: Հանցավոր խմբի անդամներն ընդհանուր առմամբ օգտագործել էին Միացյալ Նահանգների 25 նահանգներում ընդհանրապես գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաև հազարավոր հիվանդների անուններ: ԱՄՆ կառավարությանը հասցված վնասը գնահատվել էր ավելի քան 150 միլիոն դոլար: Առնվազն 70 մարդու նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել:
Մեղադրող կողմի տվյալներով` կազմակերպությունը Միացյալ Նահանգներում նաև զբաղվել է թմրամիջոցների, զենքի և «կեղծ վիագրայի» առուվաճառքով:
2011թ. Պզոյի նկատմամբ ներկայացվել էր մի քանի կետից բաղկացած մեղադրանք: 2012թ. հունիսի սկզբին Պզոն իրեն մեղավոր էր ճանաչել` այդ կետերից միայն մեկով (100 հազ. դոլարի դրամաշորթություն): Դատարանը ներկայացված մյուս մեղադրանքները չապացուցված էր համարել (այդ թվում` հանցավոր խմբավորումը ղեկավարելու մասին մեղադրանքը) և, հաշվի առնելով հանգամանքը, որ Ղազարյանն ընդունում է մեղքը, որոշել էր նրան 37–ամսյա ազատազրկման դատապարտել:
Պզոյին երեկ դատարանի դահլիճ են տարել բանտային համազգեստով և ձռնաշղթաներով: «Օրենքով գողը» դատավճիռը լսել է լուռ, առանց հուզմունքի և հրաժարվել է վերջին խոսքի իրավունքից:
«Օրենքով գողի» փոխարեն ելույթ է ունեցել նրա փաստաբանը` ԱՄՆ-ում ամենահայտնի իրավաբաններից մեկը` ազգությամբ հայ Մարկ Գերագոսը, որը շնորհակալություն է հայտնել դատավորին` իր պաշտպանյալին ընդառաջելու համար (պատիժը մեղմելու համար):
Ղազարյանն ԱՄՆ է տեղափոխվել 1996թ.` Մոսկվայում ( Ռուսաստան) իր դեմ կատարված մահափորձից հետո:
Ռուսական լրատվամիջովերի հաղորդմամբ` Պզոն եղել է Ասլան Ուսոյանի (մականունը` Դեդ Հասան, սպանվեց 2013թ հունվարի 16-ին` Մոսկվայում) «ներկայացուցիչը» Լոս Անջելեսում: Պզոն «օրենքով գող էր» «կարգվել» 1991թ.` ռուսական Դոնի Ռոստով քաղաքում: Նա նախկինում մի քանի անգամ ազատազրկման է դատապարտվել (այդ թվում` Հայաստանում, ապօրինի զենք պահելու համար):
Ղազարյանն արդեն 30 ամիս է բանտում է: Հաշվի առնելով այդ հանգամանքը` «օրենքով գողը» մոտ կես տարուց ազատ է արձակվելու և հանձնվելու է ԱՄՆ Միգրացիոն ծառայություններին` երկրից վտարելու համար:










