Րաֆֆի Հովհաննիսյանը բարելավել է իր դիրքերը. ՀԵԲ-ի երկրորդ հարցման արդյունքները
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը բարելավել է իր դիրքերը, սակայն միևնույն ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանի առաջին փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է: Այս եզրակացության են եկել Հայաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանում սոցիոլոգիական հարցումներ իրականացնող «TNS opinion» ընկերությունը, որը պատվիրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը (ՀԵԲ):
Այսպիսով, հունվարի 31-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 10 մարզերում և Երևանի 12 համայնքներում 1 609 մարդկանց շրջանում արված հարցումների արդյունքում, եթե ՀՀ նախագահական ընտրությունները կայանային նախորդ շաբաթ, ապա գործող նախագահ Սերժ Սարգսյանը կհավաքեր 58% ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 33%, Պարույր Հայրիկյան՝ 4.9%, Հրանտ Բագրատյան՝ 2.8%, իսկ մյուս 4 թեկնածուները միասին՝ 1.5%-ից պակաս:
«TNS opinion» ընկերության Բրյուսելի մեթոդների և վիճակագրության տնօրեն Սթիվ Շվարցերը առանձին անդրադառնալով Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձին և դրա ազդեցությանը նրա ձայների վրա, նշեց, որ նրա ընտրողները հիմա շատ ավելի վստահ են, որ իրենց ձայնը հենց նրան պետք է տան:
«Աճել է հասարակության հետաքրքրությունը Հայրիկյանի նկատմամբ: Բայց այնուամենայնիվ, նրա ընտրողների թիվը շարունակում է կայուն մնալ, դրանք գրեթե չեն ավելացել»,- ասաց նա:
Նշենք, որ նույն կազմակերպության հունվարի 25-ին ներկայացրած արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել էր հարցվածների 68.6% ձայներ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 20.8%:










