Գերմանիայի կրթության նախարարը հրաժարական է տվել՝ գրագողության մեղադրանքներից հետո
Գերմանիայի կրթության նախարար Անետե Շավանը հրաժարական է տվել՝ իր անվան շուրջ ծագած գրագողության սկանդալի հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Հիշեցնելով, որ Շավանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մտերիմ գործիչներից է՝ լրատվամիջոցը հայտնում է, որ Մերկելն ու Շավանը այսօր ծրագրված համատեղ ասուլիս ունեն՝ Մերկելի պաշտոնավարման 3-րդ ժամկետի համար ծավալած պայքարի շրջանակներում: Հենց դրա ժամանակ էլ պաշտոնապես հայտարարվելու է հրաժարականի մասին:
Շավանը մեղադրվում է 30 տարի առաջ իր թեկնածուական ատենախոսությունն արտագրելու համար, ինչի համար Դյուսելդորֆի համալսարանը նրան արդեն իսկ զրկել է գիտական կոչումից:
Շավանի հրաժարականն էր պահանջում գերմանական ընդդիմությունը:










