Սիրիացի ապստամբները գրավել են Դամասկոսի հիմնական մայրուղիներից մեկը
Սիրիայի կառավարական զորքերի և զինյալ ապստամբների միջև Դամասկոսի մոտակայքում տեղի ունեցած բախումների հետևանքով ապստամբներին հաջողվել է փակել մայրաքաղաքի հիմնական մայրուղիներից մեկը. տեղեկացնում է ռուսական Взгляд կայքը։
Ապստամբների մի քանի խմբեր դեռևս չորեքշաբթի օրվանից մի շարք հարձակումներ էին իրականացրել Դամասկոսը Սիրիայի հյուսիսին կապող մայրուղում տեղակայված կառավարական անցակետերի վրա։
Կառավարությունը դրան պատասխանում է ընդդիմության վերահսկողության տակ գտնվող բնակավայրերը ռմբակոծելով։
Սիրիայի կառավարական ՍԱՆԱ գործակալության տվյալներով՝ Դամասկոսի մարզում «մեծաթիվ ահաբեկիչներ» են սպանվել և վնասվել են նրանց բազաները։ Հաղորդվում է նաև, որ վնասազերծվել են մի քանի դաշտային հրամանատարներ և դիպուկահարներ։
Բախումները շարունակվում են չնայած այն հանգամանքին, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը համաձայնվել էր բանակցություններ սկսել Ասադի վարչակազմի հետ։
Երեկ Դամասկոսը ևս բանակցելու համաձայնություն է տվել, սակայն պահանջել է երկխոսություն սկսելու համար նախապայմաններ չառաջարկել։










