Սիրիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների բանակցել ընդդիմության հետ

09:41 • 09.02.13

Սիրիայի կառավարությունը բաց է ընդդիմության ներկայացուցիչների հետ առանց նախապայմանների բանակցությունների համար. ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ադնան Մահմուդը։

 

«Դուռը բաց է և մենք բարի գալուստ կասենք ցանկացած սիրիացու, ով ցանկանում է խոսել մեզ հետ։ Սակայն եթե որևէ մեկն ինձ ասի «կամ մենք կքննարկենք այս հարցը, կամ ես քեզ կսպանեմ», ապա դա երկխոսություն չէ։ Չպետք է լինի որևէ նախապայման»,- ասել է նախարարը՝ Սիրիայի պետական հեռուստաընկերության եթերում։

 

Ավելի վաղ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ ալ-Բիքդադը հերքել էր Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ազգային կոնգրեսի ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խաթիբի առաջ քաշած նախապայմանը։

 

Ալ-Խաթիբը հունվարի վերջին հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել Սիրիայի իշխանությունների հետ։ Նրա խոսքերով՝ բանակցություններ սկսելու համար իրենց նախապայմանը 160.000 բանտարկյալների ազատ արձակումն է։

 

Ավելի ուշ նա հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունները կկորցնեն բանակցելու հնարավորությունը, եթե մինչև փետրվարի 10-ը բանտերից չեն ազատի բոլոր կանանց։

 

Սիրիայում հակամարտությունը իշխանությունների և զինված ընդդիմության միջև սկսվել էր 2011 թ-ի մարտից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքում երկրում զոհվել է շուրջ 60.000 մարդ։