Հուսով եմ` իրար «կոկորդ չենք կրծի». Մարգարիտա Սիմոնյանը` իր և Թինա Կանդելակիի թոք-շոուի մասին
Փետրվարի 17-ին ռուսական НТВ հեռուստաալիքով նոր թոք-շոու կմեկնարկի` «Երկաթյա լեդիները»: Հեռուստահաղորդումը վարելու են ռուսական Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին (վրացի է, ունի նաև հայկական արմատներ-Tert.am): «Երկաթյա լեդիներից» մեկը` հայզգի Մարգարիտա Սիմոնյանը, Էն-Տե-Վե հեռուստաալիքի հետ զրույցում խոսել է նոր հեռուստանախագծի, Կանդելակիի հետ հարաբերությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչ թեմաներ կցանակար քննարկել թոք-շոուի ժամանակ:
«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի այնպիսի հեռուստածրագիր ստեղծել, որը կզարմացնի հեռուստադիտողին. այն առումով, որ հեռուստադիտողը կհասկանա, որ սա նորություն է, և ինքը նման բան չի տեսել: Կցանկանայի, որ թոք-շոուն դառնա ճանաչված, նորաձև, որ ընտանիքներում ավանդույթ ձևավորվի՝ կիրակի օրերին նստել էկրանների առջև, դիտել, հասկանալ, այնուհետև շարունակել այդ բանավեճը»,- նշել է Սիմոնյանը:
Մարգարիտան անդրադարձել է նաև իր և Կանդելակիի հարաբերություններին:
«Մենք Թինայի հետ շփվում ենք, և վաղուց ենք ծանոթ, սակայն երբեք միասին չենք աշխատել: Տեսնենք` ինչպես կստացվի, հուսուվ եմ, որ իրար «կոկորդ չենք կրծի»,-նշել է հայտնի լրագրողը:
Սիմոնյանն ընդգծել է, որ հեռուստածրագրում նաև քաղաքական թեմաներ են շոշափվելու, այդ թվում` ընդդիմության հանրահավաքներն ու երթերը: «Այժմ դրանք (ցույցերը) այդքան էլ արդիական չեն, սակայն եթե կրկին տասնյակ հազարվոր մարդիկ հավաքվեն հրապարակներում կամ երթի դուրս գան, մենք դա էլ կքննարկենք»,-ասել է նա:
Մարգարիտայի խոսքով` ռուսական հեռուստատեսությանը նորություն է անհրաժեշտ. նոր ձեւաչափ, նոր բովանդակություն, նոր մոտեցումներ:
«Թոք-շոուների ձևաչափում երկար ժամանակ փոփոխություններ չեն եղել: Սովորաբար գալիս են հյուրերը, հաղորդավարները հարցեր են տալիս, աշխատում են իրար «դեմ հանել» հյուրերին, իսկ իրենք այդ ամենից «դուրս են մնում»: Սա, սակայն, միակ հնարավոր ձևաչափը չէ, այլ ձևաչափեր էլ կան: Մենք ցանկանում ենք հենց դա փոխել, ցույց տալ, որ հետաքրքիր է, երբ հաղորդավարը դառնում է քննարկման մի մասնիկը, ինչպես հյուրերն ու փորձագետները: Հեռուստահաղորդավարն էլ չէ՞ իրավուքն ունի իր կարծիքն հայտնելու: Եթե հաղորդավարը տեղեկացված է, խորաթափանց, ապա հեռուստալսարանի համար, մեղմ ասած, անհետաքրքիր չի լինի դիտել նրա մասնակցությամբ հեռուստաքննարկումը, բանավեճը:
Կարծում եմ, որ հաղորդման առանձնահատկությունն այն է, որ հեռուստահաղորդավորները դառնալու են քննարկման լիիրավ մասնակիցը, բուռն բանավեճ է լինելու: .... Մենք երկուսս էլ` ես ու Թինան, էմոցիոնալ ենք, հուսով եմ, որ պատվով կկատարենք մեր առջև դրված խնդիրը»,-եզրափակել է նա:










