Ես չէի ցանկանա, որ ինձ միասնական պայքարի համար նման տողերով ու ոճով դիմեին. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարող մեկնաբանել՝ կմիանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանը Պարույր Հայրիկյանի կոչին, որովհետև նման հարց իրենց մոտ չի քննարկվել , և որոշումն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի տիրույթում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը, ով անձնապես չէր ցանկանա, որ իրեն միասնական պայքարի համար նման տողերով ու ոճով նամակ գրեին:
Հիշեցնենք, որ երեկ ուշ կեսգիշերին Պարույր Հայրիկյանը դասական ուղղագրությամբ բաց նամակ էր հղել իր մրցակիցներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին՝ կոչ անելով միավորվել և հանդես գալ մեկ միասնական թեկնածուով, ինչի համար պատրաստակամություն է հայտնել հետաձգել ընտրությունները 14 օրով, որպեսզի այդ ընթացքում հնարավոր լինի պատշաճ կարգով պատրաստվել։
«Որ իմ որևէ գործընկեր, իմ սերնդակից ինձ նամակ ուղարկելուց ասեր, որ ես մտածում եմ իմ պարտության տոկոսը բարձրացնելու մասին: Կամ՝ «թող ձեր համակիրներն ու ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ իմանան, թե ինչ պարզունակ հավակնությունների պատճառով ձեր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորությունից եք զրկվում»,-թվարկեց Արմեն Մարտիրոսյանը:
«Սիրելի Րաֆֆի եւ Հրանտ կամ մենք իրար հետ կհասնենք արդիւնքի, կամ կպարտվենք առանձին-առանձին։ Հիմա Ձեզ հրապարակավ էմ դիմում եւ Ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ էլ թող իմանան, թէ պարզունակ հավակնութեունների պատճառով ձէր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորութեունից էք դուք զրկվում։ Սա ձեզ ասում է 96թ. միասնական թեկնածուի ճարտարապետը»,- գրել էր Պարույր Հայրիկյանը։
Նա նաև ակնարկել էր, որ տիրապետում է ինչ-որ ճշգրիտ հարցումների, ըստ որոնց՝ 5 օր առաջ Սերժ Սարգսյանն ունեցել է ձայների 43-45%, իսկ իրենք երեքով՝ 5-35%, և միասնաբար հանդես գալու դեպքում եռյակը կունենա 67-69% ձայն:
Ի պատասխան հարցի, թե վստահու՞մ է Հայրիկյանի տոկոսներին, «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ քանի որ «հիմա էնքան թվեր են շրջանառվում», որ դրա մասին խոսելն ամենաարդյունավետ ճանապարհը չէ:
Նա նաև ավելացրեց, որ իրենք էլ հատուկ «ժառանգության» համար փակ հարցումներ են պատվիրել, ըստ որոնց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չափազանց մեծ առավելությամբ առջևում է բոլոր թեկնածուներից:
Նաև Պարույր Հայրիկյանն ակնարկել ու հեգնել էր, որ մամուլով տեղեկացել էր, որ
«միասնական թիմի ցանկութիւն է եղել․․․ եւ չի իրականացել և որ այդ
ուղղութեամբ իր զանգերն անարձագանք են մնացել. և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը»:
«Եվ Պարույր Հայրիկյանի հետ մինչև մահափորձը, և Հրանտ Բագրատյանի հետ դրանից առաջ և հետո ինքը հանդիպումներ ունեցել է,բայց խոսակցությունը չի գնացել հենց միասնական մեկ թեկնածուի վերաբերյալ, այլ ընդհանուր պայքարի մասին է եղել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Պարույր Հայրիկյանը լավագույն տարբերակը չի ընտրել այս մասին մամուլից տեղեկանալով:
«Ժառանգության» փոխնախագահը նաև պարզաբանեց, որ երբ ԱԻՄ առաջնորդը հայտարարել էր , որ առայժմ ՍԴ չի դիմում և առաջ էր քաշել նախապայմաններ, որ թեկնածուներով հավաքվեն, քննարկեն ընտրությունները, Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն զանգահարել է:
Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նամակի մասին առավոտյան են տեղեկացել, և, հետևաբար, այս մասին Հրանտ Բագրատյանի դիրքորոշումը կփոխանցվի ավելի ուշ:










