Ամանորը Չինաստանում. այս տարի՝ առանց հրավառության (լուսանկարներ)
Չինաստանում փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը տոնել են Սև ջրային օձի տարվա պաշտոնական մեկնարկը։ Ավանդաբար լուսնային օրացույցով այս օրը համընկնում է ձմռան ցուրտ շրջանի ավարտի հետ, այդ իսկ պատճառով չինական Ամանորն անվանում են նաև Գարնան տոն։
Ինչպես հայտնում է Russia Today-ը, Չինաստանի բոլոր քաղաքների և բնակավայրերի փողոցներն ու տները զարդարված են ինքնաշեն թղթե լապտերներով։ Համարվում է, որ դրանք մարդու համար ուղի են հարթում դեպի Նոր տարի։ Իսկ տոնակատարությունն ընդունված է սկսել հրավառությամբ, որոնք, ըստ լեգենդի, պետք է վախեցնեն չար հոգիներին։
Սակայն այս տարի հրատեխնիկայի վաճառքն արգելվել է՝ անվտանգության, ինչպես նաև չինական մայրաքաղաքին արդեն մեկ ամիս «պատուհասած» խիտ ծխամշուշի պատճառով։
1993թ.-ին Պեկինի իշխանություններն արգելել էին հրավառությունները քաղաքում ՝ բացատրելով, որ դա զգալի վնաս է հասցնում շրջակա միջավայրին և բազմաթիվ հրդեհների բռնկման պատճառ է հանդիսանում։ Սակայն 2006թ.-ին արգելքը չեղյալ էր համարվել՝ հասարակական կարծիքի ճնշման ներքո։
Տոնական սեղաններին կարելի է տեսնել պելմեններ, թե ինչու հենց դա՝ դեռ պարզ չէ, սակայն բացատրություններից մեկի համաձայն՝ դրանք իրենց ձևով հիշեցնում են ոսկե և արծաթե ավանդական ձուլակտորներ, որոնք հնագույն ժամանակներում կիրառվել են Չինաստանում։
Հին ժամանակներում ամանորյա տոնակատարությունները տևել են մեկ ամսից ավելի, սակայն այժմ դրանք կրճատվել են մինչև 1 շաբաթ։ Բոլոր չինացիների համար այդ օրերը հանգստյան են։ Եվ քանի որ դա ընտանեկան տոն է, շատերը նույնիսկ վերադառնում են արտերկրից՝ այդ գիշերն ընտանիքի անդամների հետ անցկացնելու համար։
Չինացիները համոզված են՝ 2013-ը լավ տարի է լինելու, քանի որ այն հաջորդում է Վիշապի տարվան։ Օձին նույնիսկ անվանում են փոքր վիշապ։
Լուսանկարները՝ ըստ mercurynews.com-ի.










