Հնդկաստանի հյուսիսը ռեկորդային թվով ուխտավորներ է ընդունում

11:40 • 10.02.13

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Գանգես և Յամունա գետերի հատման վայրում ավելի քան 30 մլն մարդ կմասնակցի մաքրագործման ծեսին, որը համարվում է աշխարհում խոշորագույն կրոնական տոնի՝ Կումբհա մելայի կուլմինացիոն պահը։

 

Ինչպես նշում է BBC-ն, հնդիկների զանգվածային ուխտագնացությունը դեպի հինդուիզմի սրբավայրեր իրականացվում է 12 տարին մեկ։ Այս տարի 55-օրյա տոնն անցկացվում է Ալլահաբադ քաղաքում։ Զանգվածային մաքրագործումը խորհրդանշում է հոգու և մարմնի մաքրությունը։ Հավատացյալները գտնում են, որ այս կերպ իրենք իրենց վրայից մաքրում են գործած մեղքերն ու փրկություն ստանում։

 

Հունվարի 14-ին՝ տոնի առաջին օրը, Գանգեսի և Յամունայի հատման կետում հավաքվել է մոտ 8 մլն ուխտավոր և ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ Կումբհա մելա տոնին կմասնակցի 100 մլն մարդ։

 

Ներկայիս տոնը մեծ նշանակություն ունի հավատացյալների համար, քանի որ այս տարի նշվում է Մահա (գլխավոր) Կումբհա մելան, որը գալիս է 12 ցիկլերից հետո՝ ամեն 144 տարին մեկ։ Կարգուկանոնի պահպանման համար ուխտավորների զանգվածային կուտակման վայրերում աշխատում է 14 հազար իրավապահ, զինվոր և հատուկջոկատային։