Մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին. Իրանը նշում է հեղափոխության 34-րդ տարեդարձը
Իրանի մայրաքաղաք Թեհրանում և մյուս խոշոր քաղաքներում հարյուր հազարավոր մարդիկ երթ են կազմակերպել ՝ նշելով Իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձը։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Թեհրանում հավաքվածները, ձեռքներին թափահարելով պետական դրոշներն ու հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի նկարով պաստառները, շարժվել են դեպի Ազատության հրապարակ՝ վանկարկելով. «Մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին»։
Իշխանությունների կողմից կազմակերպված երթին կարողացել են հետևել և իրադարձությունները լուսաբանել նաև օտարերկրյա լրագրողները։
1979 թ. տեղի ունեցած Իրանի իսլամական հեղափոխության արդյունքում Իրանի վերջին շահ Մոհամադ Ռեզա Փահլավին գահընկեց է արվել և ստիպողաբար լքել երկիրը։










