Լոնդոնում աղվեսը մտել է տներից մեկն ու կծել նորածնի մատը

16:02 • 10.02.13

Լոնդոնում իր տանը 4 շաբաթական տղա երեխան աղվեսի կողմից ենթարկվել է հարձակման, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Sky News-ին։ Աղվեսը քաշել է երեխայի ձեռքից՝ կծելով նրա մատը։

 

«Չորեքշաբթի՝ փետրվարի 6-ին, շտապօգնություն է կանչվել։ Երեխան տեղափոխվել է Սուրբ Թոմասի հիվանդանոց»,- հայտնել են շտապօգնության ծառայությունից։

 

Sky News-ի տվյալներով՝ պլաստիկ վիրաբույժներին հաջողվել է կարել մատը, այժմ երեխան վերականգնողական շրջան է անցնում տանը։

 

Դեպքին անդրադարձել է նաև Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։ «Այս խնդիրը պետք է լուծել։ Քաղաքում աղվեսի հանդիպելը ոմանց կարող է և հաճելի է, սակայն չի կարելի մոռանալ, որ աղվեսները վնասատու են և վարակ տարածող»,-ասել է նա։


Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Լոնդոնում 10.000 աղվես կա։