Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կոշիկներ են նետել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի ուղղությամբ (լուսանկարներ)

12:10 • 10.02.13

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի դահլիճներից մեկում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա, Իրաքում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Փոլ Բրեմերը հանդես է եկել ելույթով, որն ընդհատվել է դահլիճից դեպի իր կողմը թռչող 2 կոշիկի պատճառով, հայտնում է Daily Mail-ը։

 

Պարբերականը չի հրապարակում կոշիկները նետողի անունը, սակայն նշվում է, որ նա իրաքցի է, ով ամերիկյան ռազմական գործողությունների հետևանքով ստիպված է եղել տեղափոխվել Մեծ Բրիտանիա։

 

Նետելով առաջին կոշիկը՝ տղամարդը մեղադրել է ԱՄՆ-ին իր երկրի «հերն անիծելու», քարուքանդ անելու մեջ, այնուհետև գրողի ծոցն ուղարկել Ամերիկան իր ժողովրդավարությամբ հանդերձ։

 

Շոկային առաջին պահից հետո Բրեմերը, վերականգնելով ինքնատիրապետումը, կարողացել է որսալ դեպի իր կողմը թռչող 2-րդ կոշիկն ու ասել.«Ավելի լավ է մի քիչ մարզվես, որպեսզի հաջորդ անգամ ճիշտ նշանակետին խփես»։

 

Դրանից հետո անվտանգության ծառայողները դահլիճից հեռացրել են կարգազանց իրաքցուն, ինչից հետո Բրեմերը շարունակել է իր ելույթը՝ 21-րդ դարում ազատության պաշտպանության և ժողովրդավարության վերաբերյալ՝ այս անգամ ներկաներին խնդրելով իր վրա ոչ թե ծանր իրեր նետել, այլ միայն հարցեր։