Բժիշկները Անդրիաս Ղուկասյանի վիճակը վատ են ներկայացնում, ասում է թեկնածուի ընկերը
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ընկեր Վարուժան Գաբրիելյանը համոզված է, որ շտապօգնության բժիշկները շատ ավելի բարդ են ներկայացնում արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող թեկնածուի առողջական վիճակը, քան կա իրականում։
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երբ բժիշկները նրա ճնշումը չափել են և արձանագրել են, որ նորմայից ցածր է, իրենք տեսնելով, որը Անդրիասի վիճակը լավ է եղել, սկսել են կասկածել և փորձել են անձամբ համոզվել, թե որքանով են իրական բժիշկների ներկայացրած տվյալները։
«Իրենց չափելով 80/60 էր, մեր չափելով՝ 110/78, պուլսն էլ՝ 65։ Մենք ուղղակի տեսանք, որ իրեն լավ է զգում, չափեցինք, այդքան տարբերություն տվեց։ Մի քանի անգամ տեսանք, որ չի համապատասխանում զարմացանք, կասկածներ առաջացավ»,- ասաց նա՝ առանց հստակ ձևակերպելու, թե դրանից ինչ եզրակացության են հանգում։
«Դո՛ւք դատեք՝ ինչ եզրակացություն կարելի է գալ»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք չեն հարցրել բժիշկներից, թե ինչպես է այդպես ստացվել։ «Մեզ չի՛ հետաքրքրում, մենք ամեն դեպքում հետևում ենք նրա առողջությանը»,- ավելացրեց նա։
Շտապօգնության հերթապահող բժշկուհի Ռուզաննա Մարգարյանը նշեց, որ իրենք ներկայացնում են այն, ինչ կա, և ավելացրեց, որ չի հասկանում, թե որն է մեղադրանքի պատճառը։
«Կայուն է, մի քիչ ցածր է ուղղակի կայուն է, ոչինչ։ Հո ճնշումը կայուն չի մնում նույն թվերի վրա։ Մեղադրում են՝ «կրիտիկական եք ներկայացնում»։ Մենք չափում ենք, ինչ կա, կա, ինչ-որ թվերը լինում են, դա էլ ասում ենք, գուցե նանոմետրերի խախտում կարող է լինի»,- ասաց նա։
Հարցին, թե, գուցե, հրահանգել են կրիտիկական ներկայացնել, բժշկուհին պատասխանեց. «Չէ, չէ, ի՞նչ կա այդտեղ, որ հրահանգեն»,- ասաց նա։










