Ղարաբաղյան շարժումը դառնում է 25 տարեկան

10:35 • 11.02.13

Քսանհինգ տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 12-ին, տրվեց ղարաբաղյան շարժման մեկնարկը և փետրվարին 20-ին Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը, արտահայտելով Լեռնային Ղարաբաղի ճնշող մեծամասնությունը կազմող հայ բնակչության ցանկությունը, դիմեց Ադրբեջանական և Հայկական Խորհրդային Հանրապետությունների Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով լուծել ԼՂԻՄ-ի Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանի կազմում ընդգրկելու հարցը։ 


Թեպետ հայկական ազատ հանրագիտարանում որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկ նշված է փետրվար ամիսը, սակայն քաղաքագետ Մանվել Սարգսյանը կոնկրետացնում է օրն ու համարում է, որ այն սկիզբ առավ փետրվարի 12-ից, քանի որ առաջին ապստամբությունը եղել է հենց այդ օրը:


«Ղարաբաղում 1987 թվականից սկսված ժողովրդի ստորագրություններն էին հավաքվում, պետիցիա կար, որով կոլեկտիվները, ժողովուրդը դիմում էին Սովետական Միության կենտրոնական իշխանություններին՝ պահանջելով Ղարաբաղը միացնել Հայաստանին»,- պատմում է Մանվել Սարգսյանը:


«Ադրբեջանական իշխանություններն արդեն հունվար ամսին հրահանգել էին, որ, ադմինիստրատիվ ուժ օգտագործելով, տեղական ինքնակառավարման մարմինները հակառակ թղթեր տային: Եվ մարդիկ էին ուղարկել, որ պետք է գային տարբեր շրջաններում էդ պրոտոկոլները հավաքեին տանեին: Ու հենց ամսի 12-ին, երբ Հադրութի շրջանում ժողովուրդն իմացավ, որ եկել են պարտադրեն, շրջապատել էր այդ շենքը։ Եվ առաջին ապստամբությունը եղավ այդ օրը, երբ թույլ չտվեցին՝ պահանջելով, որ ադրբեջանցիներն ու ոստիկանությունը հեռանան»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է փետրվարին 20-ի հայտնի որոշմանը, ապա այն, ըստ Մանվել Սարգսյանի՝ ընդունվեց ԼՂ կոմունիստական նոմենկլատուրայի կողմից: Այն ժամանակ արդեն Ղարաբաղում Արկադի Մանուչարովի գլխավորությամբ գործում էր նախկին «Գործարանների տնօրենների խորհրդից» վերակազմավորված «Կռունկ» շարժումը: Իսկ Հայաստանում անցկացվում էին բնապահպանական հանրահավաքներ, որոնք վերափոխվեցին Հայաստան-Լեռնային Ղարաբաղ միավորման պահանջով բողոքի հուժկու ալիքի:


Արցախահայության արդարացի պահանջը լայն պաշտպանության արժանացավ Հայաստանում, և հանրապետության՝ կրկին կոմունիստական նոմենկլատուրայից բաղկացած Գերագույն խորհուրդը՝ դրական պատասխան տվեց դիմումին։


Ինչ վերաբերում է Ադրբեջանի Գերագույն խորհրդին, այն մերժեց արցախահայության դիմումը։ Պատասխանը Խորհրդային Միության պետական անվտանգության մարմինների կողմից ադրբեջանական ազգայնամոլական շրջանակների օգտագործմամբ , հայ բնակչության փետրվարյան ջարդերն էին Սումգայիթում, Ադրբեջանի այլ վայրերում, ապա Բաքվում՝ 1990թ. հունվարին, որին զոհ դարձան հարյուրավոր հայեր։


Արդյունքում շուրջ 400 հազ. հայեր ստիպված տեղափոխվեցին Հայաստան և Ռուսաստան: Այնուհետև Ադրբեջանը դիմեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, 1991թ. գարնանն Ադրբեջանի իշխանությունները՝ խորհրդային բանակի մասնակցությամբ իրագործեցին Շահումյանի և Խանլարի շրջանների մի շարք հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանումը։


Հայաստանի անկախացման գործընթացի սկզբնավորմամբ և դրա հետևանքով իրական անկախության ձեռքբերմամբ Արցախի հիմնախնդիրը հայտնվեց միջազգային հասարակայնության ուշադրության կենտրոնում։ Բազմաթիվ երկրների տարբեր կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գործիչներ հանդես եկան ի պաշտպանություն արցախահայության իրավունքների, կոչ արեցին ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել քաղաքական միջոցներով։


Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հատուկ բանաձևեր ընդունեցին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։