Արյան շրջանառությունից մահացության դեպքերը նվազման միտում ունեն. ԱՆ
Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության դեպքեր առավել հաճախ գրանցվում են արյան շրջանառությունից, չարորակ նորագոյացություններից և շաքարային դիաբեդից: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի բաժնի պետ Դիանա Անդրեասյանը:
«Արդեն մոտ 15 տարի է ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ոչ վարակիչ հիվանդություններից առավել տարածված են արյան շրջանառության հիվանդությունները, որոնցից մահացությունը 2011 թվականին կազմել է մոտ 48%, երկրորդը՝ չարորակ նորագոյացություններն են` մահացությունը մոտ 20%, շաքարային դիաբեդը, որից մահացության դեպքը կազմում է մոտ 5%»,- ասաց Դիանա Անդրեասյանը:
Առողջապահության նախարարության մասնագետի խոսքով՝ երբ դիտարկում ենք ոչ վարակիչ հիվանդություններից մահացության և հիվանդացության ցուցանիշները 90-ականներից մինչև 2000-ականները, վերջին տարիներին արյան շրջանառությունից մահացության դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2002 թվականին` այն կազմում էր մոտ 55%, այդ թվականից սկսված մահացության նվազեցման միտում է նկատվում:
«Չարորակ նորագոյացությունների դեպքում կա աճ: 2002 թվականին եղել է 16,6%, իսկ 2011-ին` 20%: Շաքարային դիաբետով մահացության դեպքերի աճի միտում կա: Արյան շրջանառության համակարգից մահացություն գրանցվում է ուղեղի անոթային հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի և այլնի դեպքում»,- ասաց Դիանա Անդրեասյանը:
ԱՆ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի բաժնի պետ խոսքով չարորակ նորագոյացությունները, ըստ բնակչության շրջանում առավել տարածվածության, տղամարդկանց շրջանում առավել բնորոշ է թոքի քաղցկեղը, որը նաև փոխկապակցված է վարքագծային տարբեր ռիսկային գործոնների հետ` ծխախոտի օգտագործում, որը բարձր է տղամարդկանց շրջանում և կազմում է մոտ 57%:
«Կանանց շրջանում չարորակ գոյացություններից առավել տարածված է կրծքագեղձի և արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները: Երեխաներին առավել բնորոշ է շնչառական համակարգի հիվանդությունները»,- ասաց Դիանա Անդրեասյանը:
Նշենք, որ փետրվարի 11-ը հռչակված է Հիվանդի համաշխարհային օր: Այն դիտվում է որպես սոցիալական քայլ, որի նպատակն է աջակցել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն: Հիվանդի համաշխարհային օրը նշվում է 1993թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի նախաձեռնությամբ:










