Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել

13:31 • 11.02.13

Ֆրանսիայի Մարսել քաղաքից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն իր 5 պատգամավոր ընկերների հետ «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» նոր օրինագիծ է ներկայացրել, տեղեկացնում Nouvelle d'arménie պարբերականը։

 

Փետրվարի 6-ին Ազգային ժողով ներկայացված նախագիծը դարձյալ պատրաստվել է փաստաբան Փիլիպ Գրիգորյանի հետ համատեղ։
 

Այն հիմնվում է Եվրոպայի խորհրդարանի կողմից ընդունված «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացում» նախատեսող հոդվածի հիման վրա։

 

Նոր օրինագծով՝ Ցեղասպանությունը ժխտողին 2 տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո դրամական տուգանք է սպառնում։

 

Հիշեցնենք, որ Բուայեի և Գրիգորյանի համատեղ հեղինակած Ցեղասպանության քրեականացման մասին նախորդ օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն հակասահմանադրական էր ճանաչել:

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք ընդունել: