Կոլումբիայում ապստամբները 2 գերմանացի զբոսաշրջիկներին լրտեսների տեղ են դրել
Կոլումբիական ազգային ազատագրական բանակի ապստամբները հայտարարել են, որ պատրաստ են գերությունից ազատել 2 գերմանացիներին միայն այն դեպքում, եթե ապացույցներ կստացվեն, որ նրանք լրտեսներ չեն: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2 ծեր գերմանացիները՝ եղբայրներ Ուվեն և Գյունտեր Բրյուերները, ապստամբների կողմից գերի էին վերցվել անցյալ տարվա նոյեմբերին՝ Վենեսուելայի հետ սահմանին, երբ ջիպով ճանապարհորդում էին Հարավային Ամերիկայով:
Այժմ ապստամբները պահանջում են ներկայացնել փաստաթղթեր, որոնք փաստում են, որ եղբայրներն աշխատում են մասնավոր կազմակերպություններում, ինչպես նաև նրանց բարեկամների նամակները, որոնք թույլ կտան պարզել նրանց ինքնությունը:
Ազգային ազատագրական բանակը, որը ստեղծվել է 1964 թվականին, համարվում է Կոլումբիայի մեծությամբ 2-րդ պարտիզանական կազմակերպությունը՝ զիջելով միայն ՖԱՐԿ-ին:










