Դեդ Հասանի կողմնակից մոտ 300 «օրենքով գողեր» կհանդիպեն ԱՄԷ-ում

16:05 • 11.02.13

Հանգուցյալ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (մականունը՝ Դեդ Հասան) կողմնակից «գողերը» որոշել են զանգվածային հանդիպում անցկացնել Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնում է rosbalt.ru-ն։

 

Ինչպես հայտնում է իրավապահ մարմինների աղբյուրը, ԱՄԷ մեկնելու համար անձնագրեր ձևակերպելու խնդրանքով նախորդ շաբաթ տուրիստական գործակալություններից մեկին են դիմել ավելի քան հարյուր «օրենքով գողեր»։

Ուղևորության համար նրանք ցանկանում են առանձին ինքնաթիռ վարձակալել։ Ըստ իրավապահների տվյալների՝ միջոցառմանը նախատեսվում է մոտ 300 «օրենքով գողի» մասնակցություն։

 

Միջոցառումը կազմակերպում են Դեդ Հասանի կլանի ներկայիս առաջնորդները՝ Դմիտրի Չանտուրիան (Միրոն), Թեմուրի Միրզոևը (Թիմուր Սվերդլովսկի), Վասիլի Քրիստոֆորովը (Վասյա Վոսկրես), Գադի Կալոյանը (Օնիկ), Վալերի Ֆարիզովը (Վալերա Քուրդ)։

 

Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ հանդիպումն ունի երկու գլխավոր նպատակ. ցույց տալ, որ կլանը միասնական և հզոր է, ինչպես նաև անցկացնել տասը գանգստերների «թագադրումը»։

Մասնավորապես, նախատեսվում է «օրենքով գողերի» շարքում ընդգրկել Ասլան Ուսոյանի բարեկամ, երկու անգամ դատված Տիմուր Արխանգելսկի անունով «հեղինակությանը»։