Երթով ՄԱԿ-ից կպահանջեն կոշտ հայտարարությամբ հանդես գալ Թուրքիայում հայ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ (նկարներ)

11:58 • 11.02.13

«Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ-ն, որին միացել է նաև «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, այսօր երթ կկազմակերպեն Թուրքիայի տարածքում հայ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար։ Այս մասին մինչ երթը լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿ նախագահ Սերոբ Գևորգյանը։ Նա տեղեկացրեց, որ ժամը 12-ին Հանրապետության հրապարակից կշարժվեն դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։
 

«Երթին բողոքի կոչերով հանդես ենք գալու ՄԱԿ-ի առջև, նաև միջազգային իրավական կազմակերպություններին՝ ԵՄ գրասենյակ, ԱՄՆ դեսպանատանը նամակ կհղենք։ Հիմնականում ՄԱԿ-ին կուղղենք կոչը, քանի որ նրանց կանոնադրությունից է բխում մարդու իրավունքների պաշտպանությունը համապատասխան հռչակագրով»,- ասաց նա։ ՀԿ նախագահը համոզված է, որ չարձագանքելու դեպքում նմանատիպ երևույթները կկրկնվեն։


Ըստ Սերոբ Գևորգյանի՝ երկու ամսվա ընթացքում բռնություն է իրականցվել թվով հինգ հայ կանանց նկատմամբ։ «Բոլորի ձեռագիրը նույն է, որից ակնհայտ է, որ հակահայկական, հակաքրիստոնեական երևույթը մեծ թափ է առնում Թուրքիայում։ Իսկ նման բռնությունների միակ զսպող ուժը կարող է հանդիսանալ միջազգային հանրությունը, իսկ Թուրքիայի կառավարությունը աչք է փակում նման երևույթների նկատմամբ»,- ասաց նա։


Մինչդեռ, ըստ նրա, Թուրքիան դեռ ձգտում է անդամագրվել Եվրոպային։ «Նման երևույթները չկանխարգելելու դեպքում, Թուրքիան անդամակցելով Եվրոպային նրան էլ է հիվանդացնելու»,- ասաց նա։


«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ նախաձեռնությանը չէին կարող չարձագանքել։ Ըստ նրա՝ բռնությունները հայերի նկատմամբ Թուրքիայում նոր երևույթ չէ։


«Պատճառը պարզ է, այնտեղ խարխլված են մարդու իրավունքները, մանավանդ՝ հայության նկատմամբ։ Իսկ միջազգային որևէ կազմակերպություն հստակ չի արտահայտվում Թուրքիայի դեմ։ Մեր նպատակը դա է, որ դիմենք մասնավորապես ՄԱԿ-ին, որպեսզի կոշտ հայտարարությամբ հանդես գա»,- ասաց նա։


Ուսանողական միության նախագահը նշեց, որ սա ևս մեկ առիթ է, որպեսզի հայ պաշտոնյաները ետ կանչեն հայ-թուրքական համաձայնագիրը։