Վաշինգտոնն առաջարկել է Մոսկվային ազատվել միջուկային հրթիռներից
ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել միջուկային լիցքերով մարտագլխիկների կեսից՝ պատրաստակամություն հայտնելով կրճատել սեփական միջուկային հրթիռների թիվը, հայտնում է Russia Today-ը՝ հղում կատարելով Коммерсантъ-ին։
Վաշինգտոնը վստահ է, որ սա հնարավորություն կտա 2 երկրներին տարեկան 8 մլրդ դոլար խնայել։ Ըստ Коммерсантъ-ի ունեցած տվյալների՝ 2 գերտերությունների միջուկային զինանոցի կրճատման թեման առանցքային կլինի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմելերի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամանակ։
Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի ունեցած տվյալների համաձայն՝ ներկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինանոցներում կա 2,7 հազարական գործողության միջին և կարճ շառավղով միջուկային հրթիռ։ Պենտագոնում կարծում են, որ այդ թիվը չափից ավելի մեծ է և որ 1,5 հազարը կբավականացնի։
Առաջինը, ով Ռուսաստանին միջուկային զենքի թվաքանակի կրճատման կոչ է արել, եղել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը՝ փետրվարի 2-ին, Մյունխենում։ Սակայն ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը բավական սառն է ընդունել այդ կոչը։










