Պարույր Հայրիկյանը հետ է վերցրել ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու իր դիմումը

12:50 • 11.02.13

Պարույր Հայրիկյանը հետ է վերցրել ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու իր դիմումը: Այս մասին Tert.am -ին հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
 

Tert.am -ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ի պատասխան հարցի, թե ինչու Պարույր Հայրիկյանը հետ վերեցրեց դիմումը, ասաց. «Օրենքը նախատեսում է դիմել և օրենքով սահմանված կարգով հետ վերցնել, ինքը օգտվեց իր այդ իրավունքից»: Ի պատասխան հարցի էլ, թե ո՞րն էր դիմումը կիրակի օրը ներկայացնելու, իսկ երկուշաբթի հետ վերցնելու նպատակը, փաստաբանը կրկին նշեց, որ իրենց թեկնածուի գործողությունները իրավաչափ են:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ի երեկոյան մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը երեկ՝ դեպքից 10 օր անց, դիմեց ՍԴ՝ ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու պահանջով:


ՀՀ սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի թեկնածուն կարող է դիմել ՍԴ նման պահանջով, եթե առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց պատճառով թեկնածուն չի կարողանում նախընտրական քարոզարշավ իրականացնել։

 

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը։


Փետրվարի 9-ին Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքյան իր էջում հանդես էր եկել իր մրցակիցներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին ուղղված բաց նամակով, որում վերջիններիս կոչ էր արել միավորվել և հանդես գալ մեկ միասնական թեկնածուով, ինչի համար պատրաստակամություն էր հայտնում հետաձգել ընտրությունները 14 օրով, որպեսզի այդ ընթացքում հնարավոր լինի պատշաճ կարգով պատրաստվել։