Խիստ նկատողություն է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրենին
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից խիստ նկատողություն է հայտարարվել՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով:
Այս մասին հայտարարվել է այսօր քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Խաչատրյանը հանդես էր եկել Կենդանաբանական այգում կենդանիների անկման պատճառների՝ մասնավորապես առյուծների հոշոտման դեպքի վերաբերյալ պարզաբանմամբ և նշել, որ վանդակների 90%-ը պիտանի չէ կենդանիների պահպանման համար, և դա դառնում է նրանց անկման առաջին պատճառը։
«Լուրեր էին տարածվում, որ քաղցի պատճառով են առյուծները հոշոտել իրար, սակայն դա տարածքի կռիվ է եղել: Կա պահեստ, կա մատակարար, կենդանիները կերակրվում են ռացիոնով»,- ասել էր Ռուբեն Խաչատրյանը:










